Դեպի վեր

Հիշեցում. Նորարար գաղափարների մրցույթ ԱՆ աշխատակիցների համար

25/10/2016

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Եվրոպական միության աջակցությամբ և ՀՀ արդարադատության նախարարության գործընկերությամբ, հայտարարում է նորարար գաղափարների մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների շրջանում: Մրցույթի նպատակն է օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար:

Մրցույթին մասնակցելու համար բավական է ներկայացնել աշխատանքի ընթացքում ձեր բացահայտած խնդիրը և նկարագրել առաջարկվող նորարար լուծումը: Լուծումը պետք է վերաբերի 1) վարչարարության կամ կառավարման պրոցեսների օպտիմիզացմանը; 2) քաղաքացու հետ հետադարձ կապի հեշտ և արագ գործիքների ներդրմանը; 3) կառավարման թափանցիկության ու հաշվետվողականության նպաստմանը։   

Փորձարարություն

Ժամանակակից ինստիտուտներն ավելի ու ավելի են հակվում փորձարարական ու նորարար մոդելների կիրառմանը՝ կարևորելով արագ արձագանքումն ու դինամիկ աշխատանքը: Պետական կառավարման հատվածը որպես կանոն ավելի զգուշավոր է փորձարարության նկատմամբ: Ի տարբերություն Սիլիկոնի հովտի, կառավարությունները չունեն աշխատակիցների նորարարության խրախուսման հստակ մեխանիզմներ և որևէ նորարար փորձարկում տեղի է ունենում միայն հիերարխիկ թույլտվությամբ: Առաջատար կառավարությունները փոխում են այս միտումը՝ նպաստելով պետական ծառայողների կողմից պրոակտիվ նորարարության դրսևորումներին: Փորձնական մոդելների ներդրումը թույլ է տալիս ստեղծել ու փորձարկել նոր գործիքներ՝ նախքան դրանց լայնամասշտաբ կիրառումը: Այսպիսով սխալվելու հավանականությունը և արժեքը կտրուկ նվազում է: Գաղափարների մրցույթներն այսպիսի մեխանիզմներից են: Դրանք թույլ են տալիս 1) շրջանցել հիերարխիան և հանդես գալ նորարար գաղափարներով; 2) ստեղծել փորձարկելու ու սխալվելու համար ապահով գոտի կազմակերպության ներսում: 

Մեծ տվյալներ

Ժամանակակից արդյունավետ կառավարումը պահանջում է տվյալների մեծ ծավալների հետ աշխատանք: Դրանց վերլուծությունը և մոդելավորումը թեև թանկ, բայց անհրաժեշտ գործիք է կառավարման արդյունավետությունը երաշխավորելու համար: Մեծ տվյալների կիրառման օրինակները բազմաթիվ են բնապահպանական, առողջապահական ու սոցիալական պաշտպանության ոլորտներում: Ինչպե՞ս գտնել մեծ տվյալների օրինաչափություններ: Ինչպե՞ս օգտագործել այդ օրինաչափությունները հետագա ծրագրերի մշակման համար:    

Տեխնոլոգիաներ

Խելացի քաղաքներ, ինֆորմացիայի կառավարման համակարգեր, էլեկտրոնային կառավարում, կիբեր անվտանգություն, քրաուդսորսինգ… Այս բոլոր գործիքներն ի հայտ են եկել տեխնոլոգիաների ու կառավարման հատման կետում: Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը դառնում է նորարարության հիմնական գործիքներից մեկը՝ հատկապես կառավարման պրոցեսների օպտիմիզացման և քաղաքացիների հետ հետադարձ կապի հաստատման գործընթացում:

Ոգեշնչու՞մ եք փնտրում

* Օգտվեք գաղափարի մշակման մեր գործիքից. այն թույլ է տալիս ձեր ձևակերպած խնդիրը վերածել լուծման՝ ստանալով ստեղծագործ ու նորարար մոտեցումներ:

* Որպես օրինակ կարող եք տեսնել կառավարման համակարգում այլուր կիրառված մի քանի լավագույն գաղափարներ, որոնք կարող են ոգեշնչել Ձեզ:

  • Լապոր-ը Ինդոնեզիայում ստեղծված համակարգ է, որ թույլ է տալիս երկրի յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցվել կառավարության հետ՝ էլ-փոստի, բջջային կարճ հաղորդագրությունների և առցանց շփման միջոցով և հայտնել բողոքների ու առաջարկների մասին:
  • Շրջիկ ձեռներեցներ. Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարա-նի նախաձեռնությունն է, որի շրջանակներում քաղաքապետարանը ներգրավում է ձեռներեցների, որպեսզի վերջիններս օգնեն գտնել արագ, արդյունավետ ու պրակտիկ լուծումներ քաղաքի հանրային կյանքի բարելավման համար: 
  • Համակարգված ծառայություններ – Անգլիայում կիրառված ծառայությունների կոնսոլիդացման համակարգ, որ թույլ է տալիս քաղաքացուն հետևել, թե հանրային ծառայության որ օղակներն են լիազոր և պատասխանատու իր որևէ կոնկրետ խնդրի լուծման համար:

 

Մրցութային գործընթացը

Նորարար գաղափարների մրցույթը բաց է նախարարության աշխատակիցների համար: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը: Գաղափարների ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. հոկտեմբերի 31-ը:

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ Պետրոս Ադամյան 14 հասցեում, կլինի բաց ինֆորմացիոն հանդիպում, որտեղ կարող եք ստանալ մրցույթի հետ կապված բոլոր հարցերի պատասխանները:

Ներկայացված հայտերը դիտարկելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Եվրոպական միության և Կառավարության ներկայացուցիչներից կազմված միասնական հանձնաժողովը: Հաղթող կարող են ճանաչվել այն գաղափարները, որոնք 1) նորարար մոտեցում են առաջարկում; 2) իրատեսական են; 3) համապատասխանում են գործընթացի օպտիմիզացման և/կամ հետադարձ կապի ապահովման պահանջներին:

Հաղթող գաղափարների հեղինակները կստանան մրցանակներ և գաղափարը փորձարկելու հնարավորություն: Հաղթած գաղափարների իրականացման համար տեխնիկական և ֆինանսական աջակցությունը տրամադրում է ՄԱԶԾ «Նորարար առաջընթաց» ծրագիրը:

Մրցույթի ընթացքի և բովանդակության մասին հարցերով կարող եք դիմել ծրագրի համակարգող Մարինա Մխիթարյանին` marina.mkhitaryan@undp.org էլ-փոստի կամ +37460 530000 224 հեռախոսահամարի միջոցով:

 

Մրցույթն իրականացվում է «Նորարար առաջընթաց» (#Inno4Dev) ծրագրի շրջանակներում: Նորարար առաջընթաց ծրագիրը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, որ իրականացվելու է Հայաստանում 2015-2018 թվականներին՝ ՄԱԶԾ Կոլբա նորարարական լաբորատորիայի միջոցով: Ծրագրի փիլիսոփայության հիմքում քաղաքացին է, որին առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման և զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում: Երկու խոշոր կազմակերպությունների գործընկերությունը թույլ կտա քաղաքացու մասնակցության նոր մեխանիզմներ մշակել և բաց կառավարման նորարարություններ ներմուծել Հայաստանում:

Ծրագիրն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում և կառավարման նորարարություն: Վերջինին ներգրավված է նաև բրիտանական FutureGov խորհրդատվական ընկերությունը, որ առաջատարն է կառավարման նորարարության լուծումների մշակման և իրականացման ոլորտում:  

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն