Դեպի վեր

Հայտարարություն՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական նոր խորհուրդ ձևավորելու մասին

01/04/2019

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման 3-րդ կետով ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշումները, որոնցով սահմանվում էին ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության իրավական հիմքերը:

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 624-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1552-Լ որոշմամբ ևս մեկ անգամ սահմանվել է,  որ Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ:

ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշմամբ լրացում էր կատարվել ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրության մեջ՝ սահմանելով նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու անհրաժեշտությունը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական նոր խորհուրդ ձևավորելու նպատակով:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

•        հասարակական կազմակերպություններ

•        զանգվածային լրատվության միջոցներ

•        ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ

•        շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.

•        նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,

•        Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի), 

•        Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,

•        Ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ,

•        Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,

• ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ

• նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք տվյալ պահին ֆինանսավորվում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:

          Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am ):

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2019 թվականի ապրիլի 25-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ council@justice.am :

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն