Դեպի վեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ նոտարների թեկնածուների որակավորման ստուգում անցկացնելու մասին

25/03/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:

Նոտարի որակավորման ստուգման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

Դիմորդը որակավորման ստուգման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին է ներկայացնում`

1) դիմում (ձևը կցվում է), որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

3) անձնագրի պատճենը.

4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը.

5) նոտարական գործունեության ստաժավորում անցած լինելու դեպքում ստաժավորումը ղեկավարող նոտարի համապատասխան եզրակացությունը և (կամ) իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի վկայական.

6) որակավորման ստուգման համար օրենքով սահմանված չափով (20000 ՀՀ դրամ) Հ/Հ՝ 900005163622 վճարված պետական տուրքի անդորրագիրը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի ապրիլի 7-ը մինչև ժամը 17:00-ն:

Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2014 թվականի ապրիլի 19-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

Նոտարի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ, որը վերախմբագրվել է ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1463-Ն որոշմամբ:

Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաք-մամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` 319-117 հեռախոսահամարով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն