Հայտարարություն

12/11/2019

Հարգելի՛ գործընկերներ,

      ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն) նախատեսում է Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի համակարգող խորհրդի ձևավորում, որում պետք է ներկայացված լինեն նաև հասարակական կազմակերպությունները: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշման N 1 հավելվածի Բաժին II-ով:

Ղեկավարվելով վկայակոչված որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հրապարակում է ստորև մատնանշված պահանջներին համապատասխանող հասարակական կազմակերպությունների կողմից իրենց ներկայացուցիչների թեկնածությունը համակարգող խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում ընդգրկելու համար ներկայացնելու կարգը.

 

1. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են Նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից է մարդու իրավունքների պաշտպանությանը կամ դատական համակարգի հանրային հաշվետվողականության բարձրացմանն ուղղված գործունեությունը և որոնք վերջին հինգ տարիներին իրականացնում են նման գործունեություն։

3. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք փաստում են 2-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներին) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

4. Հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը Խորհրդում, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն) և կենսագրությունը (curriculum vitae): Ներկայացուցիչների կենսագրությունները և նրանց ներկայացրած հասարակական կազմակերպությունների վերաբերյալ ամփոփ տեղեկությունները հրապարակվում են Նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:

5. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով Նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև հայտարարութունում նշված ժամկետի ավարտը:

8. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 

9. Ներգրավումն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է Նախարարությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:

10. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

11. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

12. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը երկու հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են Խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են երկուսից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որի ժամանակ նախապատվությունը տրվում է մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության հանրային հաշվետվողականության բարձրացման՝ Ռազմավարությամբ որդեգրված ռազմավարական նպատակներին առնչվող բնագավառներում առավել մեծ փորձառություն ունեցող երկու կազմակերպություններին (հաշվի են առնվելու իրականացված ծրագրերի քանակը, բնույթը և գրանցած արդյունքները):

13. Նախարարությունը հասարակական կազմակերպությունների ընտրությունը կատարում է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Նախարարության պաշտոնական www.moj.am կայքում:

 

Հայտեր ներկայացնելու համար հայտարարությունը կհրապարակվի սույն թվականի նոյեմբերի 20-ին: