Դեպի վեր

Հայտարարություն նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումների անցկացման մասին

18/11/2014

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումների (այսուհետ՝ որակավորման ստուգում) անցկացման մասին:

 Որակավորման ստուգման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն բոլոր գործունակ անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն և օտար լեզվին տիրապետելու մասին վկայական:

Դիմողը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ) պետք է ներկայացնի՝

1)դիմում, որտեղ պետք է նշվեն՝

ա) դիմողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում).

բ) այն լեզուն (լեզուները), որով (որոնցով) դիմողն իրականացնելու է թարգմանությունը.
գ) դիմողի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

դ) դիմողի գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).

2) 2 գունավոր լուսանկար՝ 4x6 չափսի.

3)անձնագիր և անձնագրի պատճեն.

4) բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմների) պատճենները.

5) պետական տուրքի վճարման անդորրագիր` 20000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի 900005163630 հաշվին.

6) փորձագիտական աշխատանքի ստուգման դիմաց վճարման անդորրագիր՝ 21000 ՀՀ դրամի չափով՝ մուծված ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքում՝ ՀՀ արդարադատության նախարարության համար բացված 900013194056 արտաբյուջետային հաշվին:

Համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականների (դիպլոմներ) պատճենները ներառում են՝

ա) պետական հավատարմագրված հաստատությունից ձեռք բերված
համապատասխան լեզվին տիրապետելու մասին տեղեկանքներ կամ վկայականներ,
բ) համապատասխան լեզվի դասընթացները ավարտելու մասին վկայականներ,
գ) տվյալ օտար լեզվով բարձրագույն կամ միջնակարգ կրթության մասին վկայական (դիպլոմ),
դ) լեզվի իմացությունը հաստատելու իրավասություն ունեցող կրթական հաստատության կամ կազմակերպության կողմից տրամադրված ցանկացած փաստաթուղթ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թվականի նոյեմբերի 26-ը մինչև ժամը 17:00-ն:

Որակավորման  ստուգումից առնվազն 7 օր առաջ անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am/ www.justice.am):

Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:

Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:

Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով վկայական ստանալու համար դիմողներին տրվելու են հայերենով տեքստ` ընտրված հանձնաժողովի կողմից, որը դիմողը պետք է թարգմանի ժեստերի լեզվով: Ինչպես նաև դիմողը կթարգմանի հայերեն լեզվով հանձնաժողովում ընդգրկված թարգմանչի կողմից ժեստերի լեզվով ներկայացված տեքստը: Համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու նպատակով համապատասխան տեղեկանք ստանալու համար որակավորման ստուգման ընթացքում իրականացվելու է տեսաձայնագրում: 
Ստուգումների արդյունքները գնահատվում են 20 միավորի համակարգով, 17 և բարձր միավորի դեպքում աշխատանքը համարվում է դրական:
Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաքմամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ նախատեսված չեն:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի քարտուղարին (010)319 117 հեռախոսահամարով:

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 389-Ա հրաման

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության N 193 որոշում

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն