Աշխատանքային քննարկում՝ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ

06/10/2014

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ և ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ կազմակերպած աշխատանքային քննարկմանը:

 Հանդիպման նպատակն էր ներկայացնել ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերի մասին դիտարկումները և առաջարկությունները, ինչպես նաև իրականացման մեխանիզմները:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումն ու նշել, որ նոր ռազմավարությունը փորձելու է փոփոխել և՛ հասարակության, և՛ պետական մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն երևույթների նկատմամբ:  Նրա խոսքով՝ ոչ միայն պետական մարմնի աշխատակիցը, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ու գիտակցի կոռուպցիայի վտանգավորության աստիճանը՝ պետության և տնտեսության կայացման գործում:

 Սուրեն Քրմոյանի համոզմամբ, կոռուպցիայի դեմ պայքարում բացի քաղաքական կամքից, պետք է լինի նաև հասարակության պահանջ, և եթե հասարակությունը հանդուրժողականություն դրսևորի կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ապա այդ պայքարում պետությունն արդյունքի չի հասնի:

 Մշակված ռազմավարական այս փաստաթուղթը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:

 Նախարարի տեղակալն այս գործընթացում կարևորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունն ու նշել, որ հասարակական կազմակերպությունների և, ընդհանրապես, ՀՀ քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին ու նրանց վստահությունը՝ իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է:

 Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ են տարվելու՝ այն քննարկելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

 Հակակոռուպցիոն ծրագրի միջազգային փորձագետ Ալբենա Կույումջիևայի խոսքով՝  նոր ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ծրագիրը պետք է համապատասխանի միջազգային չափանիշերին: Նա բարձր է գնահատել հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացում, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության փաստն ու նշել, որ նրանք պետք է կատարեն խորհրդատվական մարմնի գործառույթ ու խորհրդում ներկայացնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումը:

 Նշենք, որ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը ներկայացնում է ՀՀ կառավարության տեսլականը կոռուպցիայի դեմ պայքարի մոտեցումների վերաբերյալ: Փաստաթղթում սահմանվում է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքը, ինչպես նաև ռազմավարական ուղղությունները, որոնք վերաբերում են հանրային ծառայության ոլորտում ազնվության ապահովմանն ու ամրապնդմանը, թափանցիկության և բաց համակարգի խթանմանն, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ավելի մեծ մասնակցության ապահովմանը:

 Հանդիպմանը մասնակցել են ռազմավարության իրականացման համար պատասխանատու մարմինների, ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: