Տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ աշխատանքային քննարկում

11/12/2014

 Դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կողմից կազմակերպված Արդարադատության նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտի ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը: Դրանք վերաբերում են տեղեկատվություն տրամադրելու կարգին, տեղեկությունների պահպանմանն ու դասակարգմանը:

 Կարևորելով նման քննարկումները՝ փոխնախարարը նշել է, որ հենց այս ձևաչափով հանդիպումներն են նպաստում, որպեսզի ունենանք որակյալ և հնարավորինս ներառական իրավական փաստաթղթեր: Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պատրաստակամ է շարունակելու համագործակցությունն այս ուղղությամբ, կազմակերպելու քննարկումներ, լսելու բոլոր շահագրգիռ կողմերին, ստանալու առաջարկություններ, որոնց միջոցով հնարավոր կլինի վեր հանել խնդիրներն ու հնարավորինս սեղմ ժամկետներում տալ արդյունավետ լուծումներ: «Մենք մեր գործընկերների հետ աշխատել ենք և քայլ առ քայլ առաջ ենք շարժվել, փորձել ենք այնպիսի կարգավորում մշակել, որ տեղեկատվության տրամադրման հարցում որևէ բաց չլինի»,-ընդգծել է Սուրեն Քրմոյանը՝ հավելելով, որ հարցեր և առաջարկություններ լինելու դեպքում, նախարարությունը դրանք հաշվի կառնի և, անհրաժեշտության դեպքում, կկատարի համապատասխան լրացումներ:

 Քննարկմանը մասնակցող Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն այնուհետև ավելի մանրամասն ներկայացրել են նախագծի դրույթները, ոլորտի կարգավորման մեխանիզմները, սկզբունքները, մասնավորապես՝ տեղեկատվության տրամադրման պատասխանատու պաշտոնատար անձի իրավունքներն ու պարտականությունները, դիմումների և դրանց պատասխանի տրամադրման ընթացակարգերը, տեղեկատվության տրամադրման մերժման և բողոքարկման կարգը, ինչպես նաև՝ այլ դրույթներ ու կարգավորումներ: Քննարկվել է նաև տեղեկատվության տրամադրման համար գանձվող գումարի հարցը:

 Սուրեն Քրմոյանը պարզաբանել է, որ վճարումը պետք է կատարվի միայն այն դեպքում, եթե տրամադրվող տեղեկատվության էջերի քանակը գերազանցում է տասն էջը: Այդ դեպքում, յուրաքանչյուր էջի դիմաց գանձվում է ոչ ավել, քան տասը դրամ, որի չափը սահմանում է համապատասխան գերատեսչությունը: Ըստ նախարարի տեղակալի՝ այս առնչությամբ առաջարկությունների դեպքում ևս Արդարադատության նախարարությունը պատրաստ է փոխհամաձայնության գալ: Այնուհետև կարծիքներ են հնչել գաղտնի տեղեկատվությանն առնչվող խնդիրների, տեղեկատվության դասակարգման, նախագծում առկա տերմինաբանության վերաբերյալ, առաջարկներ եղան, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ևս նշանակվեն տեղեկատվության տրամադրման պատասխանատու անձինք, քննարկվեցին կոնկրետ նախագծային դրույթներ:

 Որոշվել է, որ առաջարկություններին ավելի արդյունավետ ընթացք տալու համար դրանք ձևակերպվեն գրավոր և ուղարկվեն Արդարադատության նախարարություն: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը նման նախաձեռնության համար, որը երկար տարիներ լուծում չէր ստանում և կարգավորման որակյալ մեխանիզմ ներդնելու համար հայտնել է համագործակցության շարունակման պատրաստակամություն: