Ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը

23/01/2015

 Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում հունվարի 23-ին ներկայացվել է Էլեկտրոնային նոտար համակարգը, որը ֆինանսավորվել է Եվրամիության, իրականացվել՝ Եվրոպայի խորհրդի կողմից:

 Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, պաշտոնատար այլ անձինք, նոտարներ:

 Հասմիկ Հարությունյանը նշել է, որ համակարգի գործարկումը ոչ միայն ավտոմատացնում և հեշտացնում է նոտարի ներքին փաստաթղթաշրջանառությունը, այլև վերացնում է քաղաքացիների՝ տարբեր փաստաթղթեր հավաքելու նախկին անհրաժեշտությունը:

 Համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու համար ՀՀ նոտարական պալատի անունից շնորհակալագրեր են հանձնվել Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանին, Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանին և «Բեսթ Սոֆթ» ՓԲ ընկերությանը:  

 Արսեն Մկրտչյանը կարևորել է էլեկտրոնային նոտար համակարգի ներդրումը և նշել, որ 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով նախատեսված  այս համակարգի սկզբունքը մեկն է՝ ծառայությունները մատուցել մեկ պատուհանի սկզբունքով:

 Նրա խոսքով՝ 2014 թվականի առաջին եռամսյակից Էլեկտրոնային նոտար համակարգն ամբողջությամբ գործարկվել է Հայաստանի ողջ տարածքում և կարճ ժամանակում տեսանելի արդյունք է տվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման առումով:

 Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել այս գործում իրենց ներդրումն ունեցած Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, նոտարներին և համոզմունք հայտնել, որ էլեկտրոնային համակարգի շնորհիվ կապահովվի գործարքների անվտանգությունն ու կբացառվեն փաստաթղթերի հետ կապված խարդախություններն ու կեղծիքները:

 Հոա-Բին Աջեմյանը կարևորել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման գործընթացն ու հույս հայտնել, որ էլեկտրոնային նոտար համակարգն ավելի կօգնի Հայաստանին էլ. կառավարման ոլորտում ևս մեկ քայլ առաջ գնալուն:   

 Միջոցառման ավարտին «Բեսթ Սոֆթ» ՓԲ ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հարություն Մարգարյանը մանրամասն ներկայացրել է էլեկտրոնային նոտար համակարգի կիրառման եղանակները, իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սպասարկման գրասենյակների համակարգման վարչության պետ Արման Պետրոսյանը բարձր է գնահատել կատարված աշխատանքն ու Կոմիտեի հետ համագործակցությունը:

 

 2012 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն էր տվել Հայաստանում էլեկտրոնային նոտար համակարգի ներդրման հայեցակարգին: Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած դատաիրավական բարեփոխումների և Եվրամիություն-Եվրոպայի խորհուրդ-Հայաստանի Հանրապետություն համատեղ ծրագրի ֆինանսավորման շրջանակում համակարգի ներդրման համար Հայաստանի կառավարության կողմից մշակվել էր միջոցառումների ցանկ, որի շնորհիվ էլ Էլեկտրոնային նոտար համակարգն արդյունավետորեն մտել է նոտարական գործողությունների իրականացման պրակտիկ դաշտ:

 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ոստիկանության կողմից վարվող գրանցամատյանների, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից վարվող գրանցամատյանների հետ ամբողջական կապի ապահովման շնորհիվ նոտարը հնարավորություն է ստանում կիրառելու «մեկ պատուհան» սկզբունքը և շատ կարճ ժամանակահատվածում ստուգել մի շարք փաստաթղթերի օրինականությունը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հետ ամբողջական կապի առկայության շնորհիվ այսօր նոտարը հնարավորություն ունի ամբողջությամբ ստանալու ռեգիստրում առկա տեղեկատվությունը, այն տպելու, կցելու նոտարական գործին և չպահանջելու հավելյալ փաստաթղթեր:

 Բացի դրանից, համապատասխան վերապատրաստում անցած նոտարներին հնարավորություն է տրվել կատարել իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ գրանցում կամ փոփոխություն, այսինքն՝ կատարել պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթ: Էլեկտրոնային նոտար համակարգի մեկ այլ կարևորագույն առանձնահատկություն է յուրաքանչյուր փաստաթղթի համար համապատասխան թվերի միջոցով կոդավորումը: Այս նորամուծության շնորհիվ հնարավորություն է ընձեռնվում բացառել կեղծ փաստաթղթերի շրջանառությունը, բնակչության շրջանում ստեղծել վստահելի ու ապահով վերաբերմունք դեպի նոտարական համակարգը:

 Նոտարական ողջ համակարգի էլեկտրոնային կառավարումը արդյունավետ դաշտ է ստեղծում նաև ժառանգական գործերի, մասնավորապես՝ կտակների համար: Այսօր ՀՀ ողջ տարածքում թվայնացվում են բոլոր կտակները՝ սկսած 1940-ական թվականներից: Կտակների տվյալների միասնական բազան ապահովում է կտակների բովանդակության գաղտնիությունը: Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է ժառանգների իրավունքների իրականացումը:

 Համակարգի ներդրմամբ ոչ միայն կբարձրանա նոտարական ծառայությունների որակը և նոտարի աշխատանքի արդյունավետությունը, այլ նաև ապահով միջավայր կստեղծվի բնակչության գույքային իրավունքների պաշտպանվածության և հետագա դատական վեճերը կանխելու շնորհիվ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար