Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղված հուշագիր է ստորագրվել

27/01/2015

 ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 2015 թվականի հունվարի 27-ին կնքվել է համագործակցության հուշագիր:

 Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը:

 Հուշագրի շրջանակում կողմերը կարևորել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանումն ու վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող մասնագիտական անհրաժեշտ կադրերի պատրաստման կարևորությունը և այլն:

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ նախարար նշանակվելուց օրեր անց իր ուշադրության կենտրոնում է հայտնվել այդ ընթացքում մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ քրեակատարողական համակարգում բուժանձնակազմի պակաս կա, և քրեակատարողականների բժիշկները ֆիզիկապես չեն հասցնում օգնություն ցուցաբերել բոլորին:

 «Բացի մամուլի հրապարակումներից՝ մտահոգիչ էին նաև հասարակական դիտորդական խմբի, Մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունները, որոնք նույնպես անդրադառնում էին քրեակատարողական հիմնարկները բժշկական կադրերով համալրելու անհրաժեշտությանը: Ուսումնասիրելով հարցի էությունը, ինչպես նաև ստանալով բազմաթիվ նամակներ հենց քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանցից ու նրանց հարազատներից՝ որոշեցինք հարցին տալ համակարգային լուծում»,- ասել է նախարարը: Նրա խոսքով, հաշվի առնելով այս ամենը, բազմաթիվ աշխատանքային քննարկումների և մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում պայամանվորվածություն ձեռք բերվեց ՀՀ առողջապահության նախարարության և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ կնքելու համագործակցության հուշագիր, որով լուծումներ կտրվեն տարիների ընթացքում համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների:

 Հովհաննես Մանուկյանը վստահեցրել է, որ իր անմիջական վերահսկողության տակ է պահելու հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

 Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ այս հուշագրով նախարարությունը կրկին ընդգծում է իր հաստատակամությունը որդեգրած քաղաքականության նկատմամբ: Նրա խոսքով՝ իրենք ևս անմասն չեն մնա քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքներում և կաջակցեն թե՛ խորհրդակցական, թե՛ տեղում բժշկական օգնություն տրամադրելու և թե՛ կադրերի վերապատրաստում իրականացնելու հարցում:

 Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է այս նախաձեռնությունը և այն հատկանշական համարել նպատակային կրթական ծառայությունների մատուցման տեսանկյունից: Ըստ նրա՝ այս ծրագիրը որոշակի պատվեր է ԲՈՒՀ-ին՝ պատրաստելու այնպիսի կադրեր, որոնք ապագայում պահանջված կլինեն աշխատաշուկայում:

 «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ծրագիրը պարտավորեցնող է: Նա հավաստիացրել է, որ հուշագրով նախատեսված բոլոր խնդիրները կլուծվեն:

 Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների այլ պաշտոնյաներ, ԵՊԲՀ աշխատակիցներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, այլք: 

Հուշագրով ամրագրված նպատակներն իրականացնելու համար կձեռնարկվեն հետևյալ միջոցառումները՝

1) քրեակատարողական հիմնարկներում բժշկական oգնության կազմակերպման և բուժoգնության որակի գնահատման չափորոշիչների ու չափանիշների մշակման, դրանց շարունակական կատարելագործման և դրանց իրականացման դիտարկման աշխատանքներ,

2)քրեակատարողական հիմնարկներում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, համաճարակաբանական հսկողության, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և ուսուցում,

3) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հիմնել բանտային (պենիտենցիար) բժշկության գծով դասընթաց և մշակել այդ գծով համապատասխան կրթական ծրագիր,

5) մշակել բժշկական կադրերի պատրաստման (պատրաստում, մասնագիտացում, վերամասնագիտացում), կատարելագործման, շարունակական մասնագիտական զարգացման, առկա կադրային ներուժի պահպանման, զարգացման ծրագրեր,

6) ապահովել բանտային (պենիտենցիար) բժշկության, ինչպես նաև հարակից մասնագիտություններրի գծով կադրերի պատրաստումը և դրա հետ կապված կրթական գործունեության կազմակերպումը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների բուժական անձնակազմի վերապատրաստման ծրագրերի և դասընթացների մշակումը և իրականացումը,

7) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հիմնել բանտային (պենիտենցիար) բժշկության կամ հարակից մասնագիտությունների գծով կլինիկական բազաներ,

8) ՀՀ առողջապահության նախարարության, Համալսարանական կլինիկաների կողմից խորհրդատվական և գործնական աջակցություն ցուցաբերել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ քրեակատարողական հիմնարկներում բարդ ընթացքով հիվանդների բուժման գործընթացում: