«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ». ԻՐԱՎՈՒՆՔ

12/02/2015

Այս անգամ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր  ՀՀ արդարադատության փոխնախարարՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻՆ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց մեր ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Նշենք, որ ՀՀ արդարադատության փոխնախարարին ուղղված հարցերը մասնավորապես վերաբերում էին քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին, հնարավոր համաներմանը` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ինչպես նաեւ  Արդարադատության նախարարության նախատեսած օրենսդրական բարեփոխումներին: Եվ իհարկե` փոխնախարարին ուղղված հարցերը չէին կարող շրջանցել Գյումրիի ողբերգության թեման.

 

«ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՆՄԱՆ ԱՆՁԻՆՔ ՊԵՏՔ Է ՕՐԵՆՔԻ ՈՂՋ ՈՒԺՈՎ ԱՄԵՆԱԽԻՍՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՆ»

- Չե՞ք կարծում, որ մահապատիժը վերականգնելու ճիշտ ժամանակն է, որպեսզի պերմյակովների նմանները սթափվեն: Բացի այդ, սա նաեւ կլուծի գերխնդիրը, որ բանտախցերը մի քիչ թեթեւանան (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Արմավիրի մարզ):
-Միանշանակ, Պերմյակովի նման անձինք պետք է օրենքի ողջ ուժով  ամենախիստ պատասխանատվություն կրեն. կարծում եմ` մեր հասարակության ցանկացած անդամի կարծիքն է դա: Բայց միեւնույն ժամանակ ընդունելի չէ, որ քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու համար կիրառենք մահապատիժ: Դա միջազգային պարտավորություններից բխող քայլ է, եւ Հայաստանը վերացրել է մահապատիժը` որպես պատժատեսակ, քանի որ միջազգային փաստաթղթերում եւ մեր Սահմանադրությամբ ամրագրված է մարդու կյանքի իրավունքը, եւ պետք է հարգենք այդ իրավունքը: Եթե մեկը ծանր հանցագործություն, այդ թվում` այլ անձի մահ է պատճառում, չի կարելի նրա նկատմամբ նմանատիպ հանցագործի վարք դրսեւորել եւ նրան դատապարտել մահապատժի: Այդ անձը պետք է շատ խիստ պատասխանատվության ենթարկվի, բայց մեր դիրքորոշումն է, որ մարդու կյանքի իրավունքը որեւէ ձեւով չխախտվի:

 

ԿԼԻՆԻ՞ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ` 
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

- Հնարավո՞ր է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` մասշտաբային համաներումներ լինեն, եւ եթե` այո, ապա ի՞նչ հոդվածներով դատվածների վրա կտարածվի այն (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ, ք. Երեւան):
-Համաներումը հայտարարում է Ազգային ժողովը` ՀՀ նախագահի առաջարկությամբ: Այս պահի դրությամբ մենք որեւէ նման տեղեկատվություն չունենք: Եթե նմանատիպ որոշում լինի, ապա այն ՀՀ նախագահի աշխատակազմից կուղարկվի Ազգային ժողով: Եվ եթե այդ օրենքը ընդունվի, այդ ժամանակ նոր պարզ կլինի, թե որ կարգավիճակի անձնանց վրա է տարածվում այդ համաներումը: Այս պահին որեւէ պաշտոնական տեղեկատվություն` համաներման, դրա ժամկետների կամ բովանդակության մասին, ցավոք սրտի, չունենք:
- Առհասարակ` պետությանը վնաս հասցրած եւ չփոխհատուցած` պետական պարտք ունեցած դատապարտյալների վրա համաներում տարածվո՞ւմ է, եւ պարտքի մեծությունը այստեղ նշանակություն ունի՞ (ՆԵԼԻ, ք. Երեւան):
-Սովորաբար, եթե պատճառած վնասը դատապարտյալը չի հատուցում, այդ պարագայում համաներումը չի կիրառվում: Բայց կարող է այդ գումարը մուծել, եւ այդ պարագայում համապատասխանաբար կտարածվի համաներումը: Այնպես որ, գումարի մեծությունն այստեղ նշանակություն չունի:
- Իսկ եթե դատապարտյալը չի աշխատում ու այդ հնարավորությունը չունի:
- Չի աշխատում, բայց վնաս է պատճառել. այդ պարագայում մենք դեռեւս որեւէ կարգավորում չունենք: Բայց մենք նոր կարգավորում ենք մշակել, եւ այն ընդունվելու դեպքում, եթե տուժողի կողմից համապատասխան դատապարտյալի հետ պայմանագիր է կնքվում, եւ տուժողը որոշակի ժամկետով  համաձայնում է, որ դատապարտյալը, օրինակ` մեկ, երկու կամ հինգ տարում մաս-մաս մուծի պարտքը, այդ դեպքում կհամարվի, որ նա իր պարտավորությունը կատարել է: Այսինքն` նա կարող է քրեակատարողական հիմնարկներում գտնվելու ժամանակ պայմանագիր կնքել, որ այսքան տարում ինքը կփոխհատուցի, դա հնարավորություն կտա նրան պայմանական վաղաժամկետ ազատվել կամ համաներումը նրա նկատմամբ կկիրառվի: Բայց դա դեռ նախագծային փուլում է ու ընդունված չէ:

«ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ Է»

- Չե՞ք կարծում, որ այսօր ոտնահարված են ցմահ դատապարտյալների իրավունքները, նրանք նույնիսկ զրկված են օգտվելու բնության մի շարք բարիքներից: Երկար ժամանակ սահմանափակ տարածությունում, օրվա մեջ մեկ ժամ քայլելը հանգեցնում է հոգեկան ճնշվածության, եւ արդյունքում մարդը ձեռք է բերում մի շարք հիվանդություններ, այդ թվում` դեպրեսիա, որոնք էլ ունենում են անդառնալի հետեւանքներ: Որեւէ բարեփոխումներ  նախատեսո՞ւմ եք այս հարցի շուրջ (ՄԱՐԻՆԱ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ք. Էջմիածին):
-Ցմահ դատապարտյալների խնդիրը երկկողմանի է: Առաջինը` ցմահ դատապարտյալներն այն անձինք են, ովքեր կատարել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն եւ համապատասխանաբար պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկներում: Այդուհանդերձ, ինչպես մի շարք անգամ շեշտել է արդարադատության նախարարը, պատիժ կրել նշանակում է բացառապես դատարանի կողմից նշանակված պատիժը կրել: Բայց նաեւ ցմահ դատապարտված դատապարտյալներն ունեն նույն իրավունքները ինչ-որ ցանկացած քաղաքացի` բուժական ծառայություններից օգտվել, համապատասխան շփումներ ունենալ հարազատների հետ եւ այլն: Եվ արդարադատության նախարարի հանձնարարությամբ` մենք օրենսդրական բարեփոխումների մի մեծ փաթեթ ենք մշակել, որը շրջանառության մեջ է գտնվում: Այն ցմահ դատապարտյալների հնարավորություններն ընդլայնում է տարբեր ուղղություններով` նրանց պայմանական վաղաժամկետ ազատման, բուժսպասարկման, հարազատների հետ շփման որոշակի ընդլայնման, ասենք` հարազատի մահվան դեպքում կարճատեւ մեկնումների հնարավորություն ունենալու, որը ներկայումս օրենսդրությամբ սահմանափակված է:


ՔԿՀ-ՆԵՐՈՒՄ 
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ ՉԿԱ

- Կալանավայրերում առողջապահական խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Արդյոք ինչ-որ տեսանելի բան անո՞ւմ եք այդ ոլորտում (ԱՐԹՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ք. Եղեգնաձոր):
-Ամբողջ աշխարհում վերլուծություններ կան, որ, իհարկե, քրեակատարողական հիմնարկներում` փակ տարածության մեջ գտնվող անձանց մոտ առողջական խնդիրներն ավելի շատ են: Մենք այստեղ լայնածավալ աշխատանքներ ենք կատարել, մասնավորապես բժիշկների որակավորումը բարձրացնելու համար պայմանավորվածություն ենք ձեռք բերել Առողջապահության նախարարության եւ Կրթության եւ գիտության նախարարության հետ, վերապատրաստումներ ենք անում` պետության բյուջեի միջոցների հաշվին, եւ քրեակատարողական հիմնարկի ողջ բուժանձնակազմը պարբերաբար վերապատրաստում է անցնում, որպեսզի մասնագետների որակավորումը բարձր լինի: Այնուհետեւ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» հետ եւ համապատասխան լրացուցիչ դեղորայք ու պարագաներ ենք ստանում քրեակատարողական հաստատության համար: Այս տարվա առաջին կիսամյակում սպասում ենք միջազգային փորձագետների մեծ խմբի այց Հայաստան, որը կգնահատի վիճակը եւ մեզ խորհուրդներ կտա, թե ինչպես շտկենք իրավիճակը: Բացի դրանից` նախատեսում ենք Եվրոպայի խորհրդի հետ մեծածավալ ծրագիր իրականացնել այս տարի, որի շրջանակներում բոլոր քրեակատարողական հիմնարկների ամբուլատոր պոլիկլինիկական մասերը կվերանորոգենք, կվերազինենք: Նաեւ նոր օրենսդրություն կմշակենք այս ոլորտում, նոր կարգեր կմշակենք, որոնք թույլ կտան բացառել որեւէ սուբյեկտիվ գործոն. անձի բուժման հարցում որոշում ընդունողը բացառապես պետք է լինի բժիշկը: Եվ բազմաթիվ այլ քայլեր ենք իրականացնում, չհաշված այն, որ մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք բոլոր դիմում-բողոքները, որոնք գալիս են քաղաքացիներից, դատապարտյալներից, իրենց հարազատներից կամ մեր դիտորդական խմբից, անմիջապես դրանց  լուծում տալ:

- Մի քանի ՀԿ-ներ ժամանակին բարձրաձայնում էին քրեակատարողական հիմնարկներում եղած կոռուպցիոն երեւույթների մասին: Անգամ նշում էին, թե ինչ գին ունի դատապարտյալի բուժկետում մնալը կամ բջջային հեռախոս ունենալը: Նախարարությունն ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ (ՔՐԻՍՏԻՆԵ, ք. Երեւան):
-Ցանկացած համակարգում, այդ թվում` քրեակատարողական, կարող են նմանատիպ երեւույթներ լինել: Ավելին` մենք ունենք հասարակական դիտորդական խումբ, որը տարեկան զեկույցում մատնանշել է որոշակի խնդիրների մասին: Նախարարությունը քրեակատարողական վարչության հետ լուրջ քայլեր է անում այդ ուղղությամբ, մասնավորապես կարող եմ նշել, որ նոր քրեակատարողական օրենսգիրք ենք մշակում, որտեղ փորձելու ենք այն բոլոր օրենսդրական բացերը վերացնել, որոնք կարող են ռիսկեր առաջացնել: Օրենսդրական դաշտում պայմանական վաղաժամկետ ազատման մեխանիզմներում արված փոփոխություններն արդեն դրել ենք շրջանառության մեջ, որպեսզի բոլոր առկա խնդիրները, այդ թվում` կոռուպցիոն ռիսկերը վերանան: Գործնականում` փորձելու ենք նվազեցնել շփումները քրեակատարողական ծառայողների եւ դատապարտյալների հարազատների միջեւ: Արդեն իսկ մշակվել են հենց բժշկական ոլորտը կանոնակարգող իրավական ակտեր, որը հստակ սահմանելու է, թե որ դեպքերում պետք է դատապարտյալը բուժում ստանա, որ դեպքերում պետք է ուղեգրվի համապատասխան բժշկական հաստատություն: Նաեւ էլեկտրոնային կառավարման համակարգ ենք ներդնելու, որպեսզի նախարարությունը, վարչությունը եւ քրեակատարողական հիմնարկը այդ տեղեկությունը ամբողջական տեսնեն եւ վերահսկեն, էլեկտրոնային եղանակով ցանկացած դատապարտյալի վերաբերյալ տվյալները հասանելի եւ տեսանելի լինեն, որպեսզի առանց հիմքերի` դատապարտյալը չգտնվի բժշկական հիմնարկներում կամ բժշկական ստորաբաժանման մեջ: Նաեւ բժշկական ստանդարտներ պետք է մշակվեն: Մենք այս տարվա հունվարին ստորագրել ենք համապատասխան համաձայնագիր Բժշկական համալսարանի հետ, որը թույլ է տալիս, որ համալսարանի գիտական ներուժը օգագործենք մեր ստանդարտները մշակելու համար, որպեսզի ամեն ինչ տեսանելի եւ թափանցիկ լինի մեր ազգաբնակչությանը, այդ թվում` դատապարտյալների հարազատներին:

- Լրահոսին հետեւելով` տեսնում ենք, որ օրեցօր քրեակատարողական հիմնարկներում շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր ինքնասպանության են դիմում, ինչո՞վ է սա բացատրվում (ԼԻԱՆԱ, ք. Երեւան):
- Վիճակագրությունը չեմ կարծում, որ բացասական է, այսինքն` այդքան էլ համամիտ չեմ, որ ինքնասպանությունների թիվը մեծացել է: Բայց քրեակատարողական հիմնարկներում անձինք գտնվում են փակ տարածքում եւ այնտեղ հնարավոր է որոշակի խնդիրներ եւ նաեւ հոգեբանական: Այս նպատակով այնտեղ գործում են համապատասխան հոգեբանական ծառայություններ, որոնք պետք է աշխատեն դատապարտյալների հետ: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի քրեակատարողական հիմնարկները լինեն այն վայրը, որտեղ դատապարտյալը ուղղվում է, այսինքն` կատարում է հանրօգուտ աշխատանք ու կրթվում է: Փորձում ենք անել հնարավորինս, որպեսզի դատապարտյալը նախապատրաստվի ազատության: Սա նոր գաղափար է, որ պատիժը` ազատազրկումը, նպատակ ունի դատապարտյալին նախապատրաստել ազատության, չէ՞ որ ցանկացած անձ, որը դատապարտվում է որոշակի ժամկետով ազատազարկման` մեկ տարուց, երկու տարուց կամ հինգ տարուց հետո վերադառնալու է հասարակություն: Եվ մեր նպատակն է անել այնպես, որպեսզի այդ անձը վերադառնա հասարակություն` որպես հասարակության լիարժեք անդամ: Ամբողջ մեր բարեփոխումներն ուղված են դրան, մեր նպատակը չէ նախկին խորհրդային ժամանակաշրջանի պես, զուտ պատժել մարդուն,  մենք պետք է հաշվի առնելով անձի կատարած հանցագործության բնույթը` գիտակցենք, որ նա որոշակի ժամանակ հետո վերադառնալու ու ապրելու է մեր, մեր հարազատների, մեր հասարակության կողքին: Այս առումով պետք է ամեն ինչ անենք, որ այդ անձը նախ վտանգավոր չլինի հասարակության համար եւ երկրորդ ` պիտանի լինի հասարակությանը, իր ընտանիքին, իր շրջապատին` ունենալով նորմալ աշխատանք եւ կրթություն: Այդ իսկ նպատակով ամբողջ պատժի համակարգը փորձում ենք բարեփոխել վերոնշյալ գաղափարների շուրջ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Շարունակությունը կարդացե՛ք այստեղ`

http://www.iravunk.com/index.php?option=com_content&view=article&id=23937%3Ap&catid=41%3Alurer&Itemid=57