Դեպի վեր

Մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը

12/05/2015

 ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մայիսի 12-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը: Այն ՀՀ արդարադատության նախարարության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված առաջին աշխատաժողովն էր՝ ի շարունակություն Հայաստանում օրենսդրական գործընթացի համապարփակ գնահատման: Դրա հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն աջակցելու է Հայաստանի կարգավորիչ բարեփոխումների ճանապարհային քարտեզի պատրաստմանը: Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ միջազգային փորձագետներ Նիդերլանդների Թագավորությունից և Ռուսաստանի Դաշնությունից:

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բացման խոսքում անդրադարձել է աշխատաժողովի նպատակին ու ակնկալվող արդյունքներին և  նշել, որ օրենսդրական գործընթացի նախապատրաստման համար Հայաստանն ընդունել է քաղաքականության և ծրագրերի կազմման ուղեցույց: «Այդ փաստաթղթում սահմանված են այն առանցքային հարցերը, որոնք հարկ է դիտարկել օրինաստեղծ աշխատանքների ժամանակ, ինչպես նաև այն գործիքները, որոնցով գնահատվում  են իրավական ակտի կիրառելիությունը և կիրարկումը՝ այն ընդունելու դեպքում»,-ասել է նախարարի առաջին տեղակալը: Ըստ նրա՝ Կառավարությունը կարևորում է գործող իրավական ակտերի ազդեցության գնահատման ինստիտուտը և պատրաստակամ է շարունակելու ստեղծել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են ազդեցություն ունենալ օրենքների մշակման գործընթացի վրա: Կարևորելով օրենսդրական մշակումների գործընթացում ԱԺ հետ համակարգված աշխատանքները, Արսեն Մկրտչյանն ընդգծել է գրավոր հաղորդակցման մշակույթի ձևավորման անհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի ճիշտ տեղեկատվության փոխանցում և ստեղծվի արդյունավետ հաղորդակցման դաշտ: «Պետք է գտնել կառուցվածքային այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն օրենսդիրներին ճիշտ տեղեկատվության փոխանցումը»,-նշել է Արսեն Մկրտչյանը:

 Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով՝ խնդիրը սկզբունքային է և անհրաժեշտ՝ իրավական պետություն կառուցելու տեսանկյունից: Նրա համոզմամբ, պետք է նպաստել հասարակական ներգրավվածությանը ոչ միայն օրենքների մշակման այլև հաջորդող փուլերում:

 Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի օրենսդրական աջակցության բաժնի պետ Էլիս Թոմասը և իրավական հարցերով օգնական Եվգենիա Ավետիսովան:

 Էլիս Թոմասն անդրադարձել է օրենսդրության կենսագործման բարելավման գործիքներին և ազդեցության գնահատման կառուցվածքին՝ շեշտելով, որ օրենքի նախագծերի մշակմանը պետք է նախորդեն քննարկումներ: Ըստ նրա՝ կարևոր է նաև կիրառել համեմատական մոտեցում, թե ինչպիսի նմանություններ ու տարբերություններ կան երկրների միջև տվյալ ոլորտում և ինչը կարող է աշխատել կոնկրետ երկրում:

 Եվգենիա Ավետիսովան, անդրադառնալով ազդեցության գնահատմանը՝ որպես քաղաքականության մշակման բարելավման գործիք, ընդգծել է, որ լավ քաղաքականության մշակումը չպետք է նախանշվի լուծմամբ, այն պետք է լինի քննարկելի:  Պետք է հստակեցվի, թե որն է նպատակը և բարձրացվի օրենսդրության լեգիտիմությունը, այլապես մարդիկ չեն հասկանա՝ ինչու է դա արվում: Աշխատանքների իրականացման ժամանակ նա կարևորել է թիրախային լսարանը՝ ո՞ւմ հետ խորհրդակցել, ինչպե՞ս և ե՞րբ:

 Աշխատաժողովն անցել է ակտիվ քննարկումներով, որոնց ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քաղաքականության և օրենսդրության պլանավորման գործընթացի թափանցիկության, հասանելիության, շահագրգիռ կողմերի ներգրավման և միջգերատեսչական համագործակցության բարելավման հարցերին: Քննարկվել են նաև օրենսդրության կենսագործումը բարելավելու գործիքներին և ազդեցության գնահատման կառուցվածքին վերաբերող հարցեր: Ազդեցության գնահատման արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ու գործարկելու համար մասնակիցներն ընդգծել են որակյալ օրենսդրություն ունենալու գաղափարի շուրջ համախմբումը:

 Աշխատաժողովի առաջին օրվա ավարտին կազմակերպվել է խմբային աշխատանք, որի ընթացքում քննարկվել և ներկայացվել են Հայաստանում գործող ազդեցության գնահատման համակարգի ընթացիկ առավելություններն ու թերությունները, առաջարկվել են խնդիրների շտկման լուծման եղանակներ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն