Համագործակցության հուշագիր՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև

15/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մայիսի 15-ին կնքել են համագործակցության հուշագիր:

 Փաստաթղթի նպատակն է ապահովել և օժանդակել համագործակցությունը՝ Նախարարությունում գործող անհատական տվյալների տեղեկատվական բազաներից Հանձնաժողովին տվյալներ տրամադրելուն առչնվող հարաբերություններում։

 Հուշագրի շրջանակում արդարադատության նախարարությունը Հանձնաժողովին կտրամադրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալներ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է նախաձեռնությունը և հաջողություն մաղթել համագործակցության այս մեկնարկին: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը:

 «Դա շատ կարևոր է նաև մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, որովհետև Հանձնաժողովի ունեցած գործառույթներն առնչվում են կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին»,- նշել է Հովհաննես Մանուկյանը և ընդգծել, որ այս հուշագրի շրջանակում Հանձնաժողովը հասանելիություն կունենա երկու արժեքավոր տեղեկատվական բազաների տվյալներին, որոնք զգալի նշանակություն կունենան Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար:

 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հուշագրի ստորագրումը համարել է նշանակալի իրադարձություն և նշել, որ սրանով պետական մարմինների համագործակցությունը մտնում է որակական նոր փուլ: «Հանձնաժողովի համար այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն արդեն ներդրված համակարգի գործառույթային կողմն է ապահովելու: Պետռեգիստրի տվյալներին հասանելիություն ունենալը կնպաստի վերլուծությունների իրականացմանն ու ռիսկային հայտարարագրերի դուրսբերմանը, որը հետագա աշխատանքների կազմակերպման համար կարևոր և անհրաժեշտ նախադրյալ է»,- ասել է Հանձնաժողովի նախագահը:

 Հուշագրի համաձայն՝ Հանձնաժողովն ապահովելու է Նախարարության կողմից փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և ստացված տվյալները կօգտագործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Հանձնաժողովի նպատակներին համապատասխան: