Արսեն Մկրտչյանը ներկա է եղել Կարգավորման ազդեցության գնահատմանը նվիրված դասընթացին

19/05/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը մայիսի 18-ին ներկա է եղել Կարգավորման ազդեցության գնահատմանը նվիրված դասընթացին, որը կազմակերպել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ:

Նախարարի առաջին տեղակալը ողջունել է ներկաներին և նշել, որ դասընթացը կնպաստի մասնակիցների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ինչպես նաև կփոխանցի գործնական հմտություններ ոլորտի վերաբերյալ:

 «Ազդեցության գնահատումը չափազանց կարևոր ինստիտուտ է իրավական ակտերի մշակման գործընթացում և գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ ազդեցություն կունենա այս կամ այն օրենքի նախագծի կարգավորման գնահատումը, ինչպե՞ս կիրառել կարգավորման ազդեցության գնահատումն օրենքների կազմման ընթացքում, ինչպես նաև բացահայտել նախագծերից բխող ֆինանսական ծախսերի ճիշտ կառուցվածքը:

 Դասընթացը վարող գերմանացի փորձագետ Ֆրիդերիկե Վիտտեն ներկայացրել է Կարգավորման ազդեցության գնահատման սկզբունքները, դրա գործառնական առանձնահատկությունները, մեթոդներն ու եղանակները՝ բերելով Գերմանիայի և եվրոպական այլ երկրների օրինակը: Ըստ նրա՝ պետք է շեշտը դնել իրավական այս կամ այն կարգավորման հետևանքների առաջացման վրա, հասկանալ՝ արդյո՞ք այդ կարգավորմամբ հնարավոր է հասնել սահմանված նպատակին և ի՞նչ հետևանքներ կունենա: Ֆրիդերիկե Վիտտեն ընդգծել է նաև, որ ճիշտ կլինի, եթե իրավական ակտի նախաձեռնողը ներկայացնի համապատասխան տեղեկանք՝ առաջացող ֆինանսական ծախսերի վերաբերյալ:

 Հնգօրյա դասընթացի առաջին օրվա ավարտին ներկայացվել են նաև ԿԱԳ-երի տարբեր ձևերը, դրանց իրականացման տարբերությունները: