Դեպի վեր

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոմիին

29/05/2015

   Պետերբուրգյան այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոմիին: Կողմերն անդրադարձել են այս տարվա մարտին Հայաստանի կողմից «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության վավերացմանը:

   Քննարկվել են Հայաստանի և Խորհրդաժողովի հետագա համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես այն, որ կազմակերպությանն անդամակցելը թույլ է տալիս մասնակցել կազմակերպության և դրա մարմինների գործունեությանը, համագործակցել, իրականացնել փորձի փոխանակում անդամ պետությունների հետ միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում և ներպետական օրենսդրությունը համապատասխանեցնել կազմակերպության շրջանակներում ընդունված իրավական ակտերին: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հայաստանի անդամակցությունը Խորհրդաժողովին համարել է կարևոր ձեռքբերում:

 Նախարարն անդրադարձել է հետագա անելիքներին՝ քաղաքացիական օրենսգրքի համապատասխանեցմանը մասնավոր իրավահարաբերությունների կարգավորման ժամանակակից մոտեցումներին, քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացը կարգավորող կանոնների հստակեցմանը և քաղաքացիական դատավարության ընթացքում քրեական գործերով ձեռք բերված ապացույցների օգտագործման թույլատրելիության հարցի ուսումնասիրմանը։

  Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրությունն ընդունվել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանում` 1951 թվականի հոկտեմբերի 31-ին և ուժի մեջ է մտել 1955 թվականի հուլիսի 15-ին: Կանոնադրության փոփոխություններն ընդունվել են Հաագայի խորհրդաժողովի քսաներորդ նստաշրջանում` 2005 թվականի հունիսի 30-ին և ուժի մեջ են մտել 2007 թվականի հունվարի 1-ին: Կազմակերպության առաքելությունն է նպաստել միջազգային մասնավոր իրավունքի ընդհանուր նորմերի զարգացմանն ու իրականացմանը, մասնավոր իրավունքի տարբեր համակարգերի միջև հարաբերությունների համակարգմանը։ Կազմակերպությունը տրամադրում է նաև լավագույն չափորոշիչներին համապատասխան իրավաբանական ծառայություններ, տեխնիկական օգնություն և անհրաժեշտ տեղեկատվություն մասնակից պետությունների, նրանց պետական պաշտոնյաների և դատական համակարգի մասնագետների համար:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն