Դեպի վեր

Արդարադատության նախարարի առաջին տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի 5-րդ աշխատանքային խմբի նստաշրջանին

08/06/2015

 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն օրերս մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի նստաշրջանին:

 ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը միջազգային առևտրի ոլորտում ՄԱԿ-ի հիմնական իրավական մարմինն է: Այն արդեն 40 տարուց ավելի մասնագիտացած է ամբողջ աշխարհում առևտրային  իրավունքի ոլորտում բարեփոխումների անցկացման մեջ, զբաղվում է միջազգային առևտրային գործունեության նորմերի արդիականացման և համաձայնեցման աշխատանքներով, մշակում է ժամանակակից, արդար և համաձայնեցված կանոններ առևտրային գործարքների համար:

 ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքներն իրականացվում են ամենամյա նիստերով, որոնք անցկացվում են Նյու Յորքում և Վիեննայում: Բացի անդամ-պետություններից՝ Հանձնաժողովի անդամ չհանդիսացող պետությունները և շահագրգիռ միջազգային կազմակերպությունները հրավիրվում են Հանձնաժողովի և դրա աշխատանքային խմբերի նիստերին՝ որպես դիտորդ: Հանձնաժողովը բաղկացած է վեց աշխատանքային խմբից՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ իրականացելու համար: Հանձնաժողովի բոլոր անդամ-պետություններն ընդգրկված են յուրաքանչյուր աշխատանքային խմբի կազմում:

 Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի նստաշրջանին Հայաստանից բացի մասնակցել են նաև մոտ 60 երկրների պատվիրակություններ, այդ թվում նաև՝ Ավստրալիայի, Ավստրիայի, Ալժիրի, Արգենտինայի, Բելառուսի և այլ պետությունների ներկայացուցիչներ:  

 Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խումբն իր քառասունյոթերորդ նստաշրջանի ընթացքում  շարունակել է իրավաբանական անձանց անդրազգային խմբերի միջսահմանային անվճարունակության դեպքերի վերաբերյալ իր աշխատանքները՝ անվճարունակությանը նախորդող ժամանակահատվածում իրավաբանական անձանց անդրազգային խմբերի ընկերությունների տնօրենների պարտավորությունների հետ կապված հարցերին անդրադառնալու նպատակով:

 Հանդիպման ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են իրավաբանական անձանց խմբերի նկատմամբ Օրենսդրական ուղեցույցի չորրորդ մասի կիրառումը:

 Հայաստանի Հանրապետությանում այս ոլորտի բարեփոխումների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով ներպետական իրավական համակարգի առանձնահատկությունները և իրավական տեխնիկայի կանոնները, կատարում է համապատասխան փոփոխություններ սնանկության ոլորտի իրավական բարելավման ուղղությունների հայեցակարգում:

 ՀՀ կառավարության կողմից հաստատված հայեցակարգին համապատասխան՝ մշակվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում և առնչվող այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

 Նստաշրջանին մասնակցությունը հնարավորություն է տվել Հայաստանի Հանրապետությանն ընդգրկված լինելու ՄԱԿ-ի միջազգային առևտրային իրավունքի անվճարունակության մասին օրենսդրություն բարեփոխումների վերանայման գործընթացին, հաշվի առնել միջազգային փորձը տվյալ ոլորտում և, այդպիսով, Հայաստանի Հանրապետությունում նախադրյալներ ստեղծել ոլորտի զարգացման համար:

 Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի անդամ է ընտրվել 2012 թ-ի նոյեմբերին: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն