Դեպի վեր

Քննարկվել են հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության խնդիրները

26/06/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 25-ին մասնակցել է «Հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության խնդիրների վերաբերյալ» թեմայով քննարկմանը:

 Հանդիպմանը ներկա են եղել ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե-Մարիա Մեդինա-Նավարրոն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներ, այլք:

 Քննարկման նպատակն էր շահերի բախմանն առնչվող օրենսդրության վերաբերյալ կատարել վերլուծություններ, ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաև վերհանել օրենսդրական բացթողումները և դրանց հետևանքները:

 Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ շահերի բախման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մի շարք բացեր ունի, ինչն էլ վկայում են միջազգային գործընկերների կողմից իրականացված ուսումնասիրությունները և դրանց արդյունքում տրված հանձնարարականները:

 «Հայաստանի Հանրապետության 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվում է մի շարք միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են հանրային ծառայության արդյունավետության և օրինավորության բարձրացմանը: Մասնավորապես՝ շահերի բախումը կանխարգելող գործնականորեն կիրառելի կառուցակարգերի և օրենսդրական դաշտի ձևավորում, օրենսդրությամբ շահերի բախման կանխարգելման դրույթների սահմանում, իրավասու մարմինների շահերի բախման դեպքերի բացահայտման, ինչպես նաև դրանց չեզոքացման գործառութների վերապահում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնում»,-տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը:

 Քննարկման ընթացքում անդրադարձել են նաև մի շարք շահերի հայտարարագրման մեխանիզմի բացակայությանը, գույքի և եկամտի հայտարարագրման մեխանիզմների արդիականացման:

 Ծրագիրն իրականացրել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), Եվրամիության աջակցությամբ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն