Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան

26/06/2015

 Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն:

 Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի  երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը:

 Մասնակիցները, ինչպես նաև ֆորումին հրավիրված միջազգային և հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, որոնք առնչվել են  հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ եղանակներին, քրեակատարողական համակարգին, պրոբացիոն ծառայության բարեփոխումներին, բաց կառավարման համագործակցությանը և այլ՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին:

 Հայաստանի և Վրաստանի արդարադատության ոլորտի ներկայացուցիչները մասնագիտական քննարկումներ ունեցան նաև  երկու պետություններում իրականցվող  ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվության ազատության ներկայիս վիճակի, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ և օրենսդրական միջոցոռումների, էլեկտրոնային կառավարման աշխատանքների, քրեակատարողական ծառայության ենթակառուցվածնքների բարեփոխումների, առկա խնդիրների և հեռանկարային զարգացման, կրկնահանցագործությունների կանխարգելման մեխանիզմների, պրոբացիոն ծառայության իրականացված բարեփոխումների, անչափահասների արդարադատության բարեփոխումների մասին:

 Չշրջանցվեցին նաև տարածաշրջանում համատեղ հետաքրքրություն ներկայացնող արդարադատության համակարգին առնչվող առկա և համակողմանի լուծումներ պահանջող մարտահրավերները: 

Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումի երկրորդ օրը քննարկվեցին բաց կառավարման գործընկերության, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

 Հիշեցնենք, որ վրաց պատվիրակության աշխատանքային եռօրյա այցի շրջանակում քրեակատարողական ոլորտում համագործակցությունը խորացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարարության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր: Այցի առաջին օրը նրանք հանդիպեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի հետ և այցելելեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին:

 Ֆորումի ավարտին երեք գործընկեր նախարարներին ընդունեցին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

 Միջոցառումն իրականացվեց Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: