Դեպի վեր

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար՝ լրագրողների համար

06/07/2015

 Ծաղկաձորում հուլիսի 3-4-ը ՀՀ արդարադատության նախարարությունը և Միջազգային համագործակցության գերմանական ընկերություն»-ը՝ (GIZ) լրագրողների համար կազմակերպել էին «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով իրազեկում-քննարկում:

 Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ օրինականության և վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի իրականացման ղեկավար, ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը, «Միջազգային համագործակցության գերմանական ընկերության» (GIZ) Հարավային Կովկասում եվրոպական չափանիշներին օրենսդրության մոտարկում ծրագրի հայաստանյան գրասենյակի փորձագետ Նորա Սարգսյանը, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը, իրավական ոլորտի թեմաներ լուսաբանող լրագրողներ, այլք:

 Սեմինարի նպատակն է եղել բարձրացնել լրագրողների իրավական գիտելիքների մակարդակը, նպաստել իրավական ոլորտում վերջիններիս մասնագիտական աշխատանքների հետևողական կատարելագործմանը:

 Լրագրողների հետ իրավական վերապատրաստման դասընթացի շրջանակում, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում տիրող իրավիճակի, համապատասխան գործիքների, նոր մեխանիզմների անհրաժեշտության, դրական և բացասական ցուցանիշներին առնչվող մի շարք հարցեր:

 ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ներկաներին դիմելով, ընդգծել է, որ լրագրողական համայնքը այն ինստիտուտն է, որը հեշտացնում է պետական կառույցների աշխատանքը հասարակության հետ՝ տեղեկատվության և վերլուծություններ փոխանցելու միջոցով: Նա կարևորել է լրագրողների դերը պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ շփման գործում:

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին: Սուրեն Քրմոյանը կարևորել է նաև Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների դերը կոռուպցիայի դեմ պայքարում: 
«Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է միանա մեզանից յուրաքանչյուրը: Եթե մենք նվազեցնենք կոռուպցիոն դեպքերը, ապա կբարելավվենք մյուս բոլոր ոլորտների արդյունավետ աշխատանքը»,- ասել է արդարադատության նախարարի տեղակալը:

 Առարկայական քննարկումներ են ծավալվել տեղեկատվության ազատության դերի, բաց կառավարման գործընկերության արժեքների և նպատակների, պետական մարմինների գործունեության թափանցիկության և մասնակցային կառավարում ապահովելու միջոցների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանն աջակցող մարմինների մասին:

 Վերապատրաստման արդյունքում լրագրողները մասնակցելու են քննարկված թեմաներին առնչվող հրապարակումների մրցույթի: 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն