Կլոր սեղան-քննարկում՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգային հիմնադրույթների վերաբերյալ

07/09/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 7-ին կազմակերպել էր ՀՀ քրեական նոր օրենսգրքի  հայեցակարգային հիմնադրույթներին նվիրված կլոր սեղան քննարկում:  Հանդիպմանը մասնակցում էին Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը,  Գերմանիայի դաշնային գերագույն դատարանի դատավոր Հեննինգ Ռադթկեն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվության» Հայաստանում ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը, այլք:

 Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության համակարգում հիմնարար բարեփումները պայմանավորված են վերջին ժամանակների հասարակական, քաղաքական և իրավական զարգացումներով:

 Քրեական նոր օրենսգրքի մշակումը պայմանավորված է նաև հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ՀՀ քաղաքականությամբ, որը բխում է ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի պահանջներից: Այս փաստաթղթով հաստատվել է հանցագործությունների դեմ պայքարի և քրեական արդարադատության ոլորտում նոր մոտեցումների ամրագրման անհրաժեշտությունը: «Միջազգային գործընկերների աջակցությանը զուգահեռ տարվում են բոլորովին նոր սկզբունքների վրա հիմնված ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման աշխատանքներ: Այդ հարցում իր գործուն աջակցությունն է ցուցաբերել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, մասնավորապես՝ պարոն Հեննինգ Ռադթկեն»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ արդյունքում կունենանք ավելի որակյալ օրենսդրություն:

Ըստ նախարարի տեղակալ Արման Թաթոյանի՝ ներդրվել են նոր ինստիտուտներ, մասնավորապես՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու տեսքով: Նրա խոսքով՝ նախագիծն արդեն շրջանառության մեջ է, և այսօրինակ քննարկումներն իրենց նպաստը կբերեն քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի մշակման հետագա աշխատանքներում:

 Վարդան Պողոսյանը, անդրադառնալով կատարված աշխատանքին, նշել է, որ Քրեական օրենսգրքի նախագիծն ամբողջությամբ մշակվել է. դրանում բավական նորամուծություններ կան: «Այս քննարկման նպատակը հանրությանը Քրեական օրենսգրքի նախագիծը ներկայացնելն ու կարծիքներ, առաջարկություններ լսելն է»,- ասել է Վարդան Պողոսյանը:

Այնուհետև Հեննինգ Ռադթկեն ներկայացրել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ միջազգային փորձը: Ըստ նրա՝ գլխավոր հարցերից մեկը, որը վերաբերում է պատասխանատվության սահմանման ինստիտուտին, հետևյալն է. իրավաբանական անձը պետք է պատասխանատվության ենթարկվի յուրաքանչյուր աշխատակցի՞, թե՞ միայն ղեկավար մարմնի ներկայացուցիչների գործողությունների համար՝ հավելելով, որ ճիշտ է կիրառել երկրորդ մոտեցումը:

Քննարկման մասնակիցներից Արա Գաբուզյանը խոսել է ՀՀ քրեական նոր օրենսգրքում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկություններից՝ անդրադառնալով նաև հանցանքին և դրա տեսակներին, հանցագործության փուլերին, հանցակցությանը,  հանցագործությունների բազմակիությանը և այլ հարցերի:

Քրեական օրենսգրքի հայեցակարգում առաջարկվում է նաև ընդլայնել պատժի համակարգը` նախատեսելով ազատազրկմանը այլընտրանք համարվող գործուն պատժամիջոցներ` տնային կալանք, ազատության սահմանափակում, հանրային իրավունքներից զրկում, ծնողական իրավունքներից զրկում, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարում: Բացի այդ, առաջարկվում է կատարելագործել գործող քրեական օրենսգրքում առկա այլընտրանքային պատիժները, որոնք օրենսդրական ոչ ճիշտ կամ ոչ հստակ կարգավորման պատճառով արդյունավետ չեն: Այսպես, առաջարկվում է կրճատել կալանքի (հայեցակարգում այն կոչվում է կարճաժամկետ ազատազրկում), հանրային աշխատանքների ժամկետները, հանրային աշխատանքները նախատեսել որոշ հոդվածների սանկցիաներում:

Հայեցակարգով առաջարկվում է վերանայել անչափահասների նկատմամբ կիրառվող դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների քրեական գործող օրենսգրքով նախատեսված ցանկը` այն ընդլայնելու և առավել հստակեցնելու նկատառումներով: Օրինակ` դրանց շարքում կարող է նախատեսվել հատուկ կրթական, մարզական, մշակութային և այլ ծրագրերին ներգրավելը:

Հայեցակարգով առաջարկվում է առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասի նկատմամբ, անկախ տարիքից, որոշակի ժամկետով ազատազրկում չնշանակել: Անչափահասի ազատազրկումը պետք է գնահատվի որպես պատժի ծայրահեղ միջոց, որը կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ ոչ մի այլ միջոց չի կարող դրական արդյունք տալ:

Արտասահմանյան մի շարք երկրների քրեական օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ 18-21 տարեկան երիտասարդները կազմում են քրեական իրավունքի համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող սոցիալական խումբ, քան անչափահասները: Այդ կապակցությամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքով 18-21 տարեկան երիտասարդների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները կարգավորել առանձին գլխով: