Դեպի վեր

Քննարկվել են փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությանը խոչընդոտող կոռուպցիոն երևույթների կանխարգելման հիմնախնդիրները

15/09/2015

 ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը սեպտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկել է  փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում կոռուպցիայի կանխարգելման հիմնախնդիրները:

 Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Ասատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը, Գործարար միջավայրի բարելավման վարչության պետի տեղակալ Դավիթ Աղաջանյանը, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը:

 Քննարկումն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներում փոքր և միջին բիզնեսի ներգրավման աշխատանքներին, այդ ուղղությամբ առավել արդյունավետ և գործուն մեխանիզմների մշակման ու ներդրման, ինչպես նաև՝ բիզնես հատվածի իրազեկման բարձրացմանը վերաբերող հարցերին:

 Սուրեն Քրմոյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում հավանության արժանացած Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից է բխում այնպիսի համալիր միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն կոռուպցիոն երևույթների զսպմանն ու նվազեցմանը, ինչպես նաև՝ կբացառեն հնարավոր ռիսկերը: Նախարարի տեղակալն առաջարկել է համատեղ ուսումնասիրել բիզնեսին խոչընդոտող երևույթները, կազմել համապարփակ ծրագիր, որը կներառի փոքր և միջին ձեռնարկություններին որոշակի օգնություն ցուցաբերելուն, նրանց համար ցանկացած վարչարարությունը պարզեցնելուն, իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն առնչվող հիմնահարցեր: Ըստ նրա՝ նման մոտեցումը կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ կարող է ունենալ անմիջական և արդյունավետ ներգործություն: Սուրեն Քրմոյանը ներկաներին խնդրել է փոքր և միջին ձեռնարկություններին աջակցել, ու նրանց համար ավելի պարզ և թափանցիկ միջավայր ստեղծելու ուղղությամբ կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն փոխանցել Արդարադատության նախարարությանը, որոնք կամփոփվեն, հարկ եղած դեպքում նաև կներկայացվեն հանրությանը և դրանց հիման վրա, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն փոքր և միջին բիզնեսի իրազեկման, կրթական ծրագրեր:    

 «Հանրային ծառայության, պետության կողմից մատուցվող ծառայությունների և պետական մարմինների ցանկացած ներգործության պարագայում պետք է ներդնել այնպիսի ինստիտուտներ ու մեխանիզմներ, որոնց շնորհիվ սուբյեկտիվ գործոնը հանրային ծառայողների վարքագծում կբացառվի»,- նշել է նախարարի տեղակալը:

 Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են այն ուղիները, որոնք թույլ կտան  նոր բացված ՓՄՁ-ների համար ստեղծել բարենպաստ պայմաններ, իրազեկել վերջիններիս և բացառել նվազ կարևորության խախտումների համար   տուգանքների կիրառումը: Առաջարկվել է նման դեպքում քննարկել նախազգուշացման և իրազեկցման  ինստիտուտների կիրառումը:

Խոսելով բիզնես հատվածի իրազեկվածության բարձրացման կարևորությունից՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն  Գևորգյանը ներկայացրել է տեղեկատվություն իրենց կողմից փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող խորհրդատվական աջակցության վերաբերյալ և առաջարկել կատարելագործել ՓՄՁ-ներին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու մեխանիզմները:

 Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվացնել համագործակցությունը՝ ոլորտում առկա խնդիրներին առավելագույն արդյունավետությամբ լուծում տալու նպատակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն