Դեպի վեր

Կառավարությունը հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

29/10/2015

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը երկար պատմություն ունի ու երկար ճանապարհ է անցել: Նախարարը դրա ընդունումը կարևորեց ՀԿ-­ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծման տեսանկյունից, ինչը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է։ «Մասնավորապես 2009թ. սեպտեմբերին կառավարության կողմից ԱԺ է ներկայացվել մի փաթեթ, որտեղ նախատեսվում էին մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, ինչն առաջացրել էր բազմաթիվ ՀԿ­-ների մտահոգությունը և դժգոհությունը։ Արդյունքում ստեղծվեց մի քաղաքացիական նախաձեռնություն, որի շուրջ համախմբվել էր 300 ՀԿ։ Նրանց նպատակն էր ավարտին հասցնել ու ամփոփել քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները՝ կապված այս օրենքների նախագծերի փաթեթի հետ»,­- ասաց նախարարը։ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված փաթեթը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և հաշվի են առնվել նրանց բոլոր առաջարկությունները։ Ըստ նախարարի՝ https://www.e­register.am/ համակարգի միջոցով ՀԿ­-ների համար կստեղծվի առցանց գրանցման հնարավորություն: Բացի այդ, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման բաժնի բոլոր գրասենյակներում կստեղծվի փաստաթղթերի ընդունման հնարավորություն: Այդպիսով, կպարզեցվի և կհստակեցվի ՀԿ-­ների պետական գրանցման վարչարարությունը՝ գրանցվող կազմակերպություններն ազատելով ավելորդ գործընթացներից: Փաթեթով հնարավորինս կբացառվեն ՀԿ-­ների՝ շփոթության աստիճան նման անվանումները և խորհրդանիշները, կկատարելագործվի ՀԿ-­ների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, ինչպես նաև կբարձրացվի կանոնադրության դերը, որը խթան կհանդիսանա ՀԿ­-ների ինստիտուցիոնալ զարգացման համար, իսկ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ընձեռմամբ՝ ՀԿ­-ներին կտրամադրվի ֆինանսական կայունությունը ապահովող արդյունավետ գործիք:  

 Անդրադառնալով օրինագծերին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ներկայացնում է հիշյալ նախագիծը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր: Այն այս տեսքով արժանացել է թե´ միջազգային կառույցների և թե´ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավանությանը: Գործադիրի ղեկավարն առանձնացրեց այս նախագծով առաջարկվող մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կամավորների ինստիտուտի ներմուծումը, հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ ինչպես հասարակական կազմակերպությունների ինքնուրույնության, այնպես էլ ֆինանսական կայունության համար և այլն:

 Վարչապետի համոզմամբ, հասարակական կազմակերպությունների առցանց գրանցման հնարավորության ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում հասարակական կազմակերպությունների հիմնադրման և քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման համար»:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն