Արդարադատության նախարարի այցը Փաստաբանների պալատ

13/11/2015

 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 Լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարարը նշել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով առաջիկայում նոր հուշագիր  կստորագվի, որի արդյունքում առկա փոխգործակցությունը կմտնի որակապես նոր փուլ: Նախարարն ընդգծել է, որ փաստաբանական համայնքը Հայաստանի ամենակայացած մասնագիտական կառույցներից մեկն է: «Փաստաբանների պալատն այսօր հայտ է ներկայացում լրջագույն դերակատարում ստանձնելու ՀՀ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության երաշխավորման գործում»,- ասել է արդարադատության նախարարը:

 Արա Զոհրաբյանը ողջունել է նախարարին և կարևորել երկկողմ համագործակցությունը և հայտնել, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը սկսվել է դեռևս 2005թ-ից: Խոսելով փաստաբանի անկախության մասին՝ Արա Զոհրաբյանը նշել է, որ Փաստաբանների պալատի զարգացման մեջ կարևոր դեր ունի փաստաբանը: «Փաստաբանների պալատը կամ փաստաբանների պալատի կառավարման մարմինները, որևէ բան չեն կարող անել, եթե դրսում կռիվ տվող փաստաբանը չկարողանա փաստաբանի հեղինակությունը բարձրացնել: Դրա համար բոլոր ձեռքբերումները դրանք մեր փաստաբաններինն են՚,- ասել է պալատի նախագահը: Արա Զոհրաբյանը հայտնել է, որ նախարարություն հետ նախկինում եղել են կնճռոտ էջեր, բայց դրանք պատվով հաղթահարվել են և երկու կառույցները շարունակում են զարգացնել համագործակցությունը:

 Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել Հանրային պաշտպանի գրասենյակում ծանոթացել հանրային պաշտպանների աշխատանքային գրաֆիկին և աշխատանքային պայմաններին:

 ՀՀ Փաստաբանական դպրոցում Արդարադատության նախարարը մասնակցել է Դատական նիստերի դահլիճի բացման արարողությանը և ներկա գտնվել  Դպրոցի ունկնդիրների կողմից կազմակերպված դատախաղին: Նախարարը կարևորել է դատական նիստերի դահլիճի բացումն ու ընդգծել, որ դրա արդյունքում Փաստաբանական դպրոցի ունկնդիրն ուսուցման ընթացքում հնարավորություն կստանա ամբողջությամբ տիրապետելու դատական գործընթացի նրբություններին: