Դեպի վեր

Որ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

17/12/2015

ԱԺ-ն առաջիկա արտահերթ նստաշրջանում կքննարկի օրենսդրական փաթեթը, որն առնչվում է ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտին: Փաթեթով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում և օրենսգրքերում: Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում նախագծով:

Ո՞ր դեպքերում վարորդները կհամարվեն նախազգուշացված
Առանձնացվել են այն իրավախախտումները, որոնց դեպքում վարորդը չի տուգանվում, համարվում է նախազգուշացված: «Երբ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն տեղի ունեցավ, տրվեցին նաև հանձնարարականներ, այնուհետ վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ ձևավորվեց, մեր հիմնական խնդիրն իրականում օբյեկտիվ վիճակը հասկանալն էր: Մենք չէինք ցանկանում արհեստական ճանապարհով մեղմացնել կամ խստացնել կարգավորումները կամ էլ նախազգուշացումներ կիրառել:

Այս դեպքում մենք ելել ենք այն անհրաժեշտությունից, որ կան խախտումներ, որոնք ցանկացած վարորդ օբյեկտիվ պայմաններում կատարում է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ թվարկելով այն խախտումները, որոնց դեպքում չափանիշներին բավարարելու պայմաններում վարորդները չեն տուգանվի: Վարորդը չի տուգանվի, եթե իրավախախտումը նվազ նշանակություն ունի, այսինքն՝ բխում է կոնկրետ իրադրությունից, որում վարչական իրավախախտում կատարած անձը ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության է այն կատարել:

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը (գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝ խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով)։

2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը (նախատեսված է տուգանք` 10 հազար դրամի չափով)։

3. Վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։

4. Վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 3000 դրամի չափով),

5. Վարորդների կողմից երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։

6. Վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 3000 դրամի չափով)։

7. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը (նախատեսված է տուգանք` 10.000 դրամի չափով)։

8. Վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։

9. Վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։

10. Վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը՝ միայն կանգառ կատարելու մասով (նախատեսված է տուգանք` 10 հազար դրամի չափով)։

11. Վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով):

Առաջարկվում է սահմանել, որ վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը նվազ նշանակություն ունի, եթե կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցում մեկ րոպե ժամանակահատվածը և չի ստեղծում խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ կարող է լինել նաև իրավիճակ, երբ կանգառը գերազանցել է մեկ րոպեն, սակայն խախտումն իր բնույթով նվազ վտանգավոր է: Այս դեպքում ևս վարորդը չի տուգանվի, կնախազգուշացվի: «Ուզում եմ հատուկ շեշտել՝ մենք ոչ թե հանում ենք տուգանքը, դնում նախազգուշացում, ինչը կնշանակեր, որ դրանք այլևս խախտումներ չեն, ոչ էլ ասում ենք, թե 2-3 նախազգուշացումից հետո 4-րդի դեպքում տուգանք կնշանակվի, ինչը ևս արհեստական մոտեցում կնշանակեր:

Մենք չափանիշ ենք սահմանում: Այդ չափանիշը կարևոր է և՛ վարչական մարմնի համար, և՛ քաղաքացու համար, որովհետև, եթե նա տեսնի, որ իրեն տուգանել են մի բանի համար, որը սկզբունքորեն այս չափանիշների տակ է մտնում, և իր նկատմամբ կարող էր նախազգուշացում կիրառվել, դա իր համար վիճարկման լրացուցիչ գործիք է: Որո՞նք են այդ չափանիշները՝ վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, այսինքն՝ բխում է կոնկրետ իրադրությունից, որում վարչական իրավախախտում կատարող անձը ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության է այն կատարել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե նախազգուշացումների համար ընտրվեր վարչական ճանապարհ՝ ծանուցում և այլն, դա լրացուցիչ բեռ կլիներ վարչական մարմնի համար. «Երկրորդ հերթին՝ դա քաղաքացու համար իրավական հետևանքներ չի առաջացնում: Նա նախազգուշացված է, դա իր համար է, որ այսուհետ տեսնի՝ եթե նախկինում նույնպիսի խախտման համար 10 անգամ էր տուգանվում, հիմա կտուգանվի, օրինակ՝ 2 անգամ, և կտեսնի, որ 8 անգամ նախազգուշացվել է:

Դա իրեն նաև որոշակի զգոնության կդրդի: Այդ պատճառով մենք էլեկտրոնային տարբերակով ենք տեղադրելու կայքում: Հիմնական հարցադրումներից մեկը կարող է կապված լինել գյուղական հեռավոր համայնքների հետ: Քանի որ նախազգուշացումն իրավական հետևանքներ չի առաջացնում, խիստ ժամկետային սահմանափակումներն անհրաժեշտ չեն: Այսինքն՝ անձը կարող է իր թոռնուհուն, բարեկամուհուն խնդրել: Բնականաբար, ցանկացած տեղում էլ հասանելիություն հնարավոր է ապահովել»: Նա նշեց նաև, որ, եթե նմանատիպ խախտման դեպքում անձը տուգանվի, սակայն համարի, որ կարելի էր նախազգուշացում կիրառել, չափանիշները թույլ են տալիս վիճարկել կայացված որոշումը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն