Դեպի վեր

Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ

11/02/2016

Մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորումը սաղմնային փուլում է: Հայաստանի Արդարադատության նախարարությունում վերջերս ստեղծված Անձնական տվյալների պաշտպանության գործակալության երեք հոգանոց աշխատակազմի գործունեության այս սկզբնական փուլը կարևոր է այն առումով, որ ցանկացած որոշում, օրենսդրական փոփոխության առաջարկ՝ դառնալու է նախադեպ եւ որոշիչ է լինելու տվյալների շտեմարանների մատչելիության առումով:

Արդարադատության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը վստահվել է  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանին: Վերջերս լրացավ նրա պաշտոնավարման 100 օրը, ինչն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորման հարցերին:

- Տիկին Դոյդոյան, անձնական տվյալների պաշտպանության այս մեծ համակարգի մշակումը ենթադրու՞մ է արդյոք, որ այսօրվա դրությամբ հանրության համար բաց եւ հասանելի տեղեկատվական որոշ ռեսուրսներ կդառնան փակ:

 - Մեր ցանկացած քայլ եւ որոշում պետք է բխի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից: Եթե այս կամ այն բազայի մատչելիությունը ուղղակիորեն խախտում է մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, բնականաբար պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն այդ շտեմարանի մատչելիությունը ամբողջությամբ կամ մասնակի սահմանափակելու համար: Նայած թե ինչ տվյալների մասին է խոսքը: Եթե անուն-ազգանուն է, դա հանրամատչելի տվյալ է, իսկ ահա անձնագրային տվյալները հանրամատչելի չպետք է լինեն: Պետք է տեսնել՝ այս կամ այն տվյալների հրապարակումը կարո՞ղ է վտանգել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, թե ոչ: Եթե վտանգում է՝ պետք է կարողանալ հավասարակշռել մի կողմից անձնական տվյալների գաղտնիությունը, մյուս կողմից՝ հանրային շահը:

- Կենտրոնական ընտրական հանձաժողովն ու Ոստիկանությունը հրապարակում են ընտրողների ռեգիստրը՝ որը պարունակում է անձնական տվյալներ: Հասարակության շրջանում կան դժգոհություններ տվյալների բաց լինելու վերաբերյալ, սակայն քաղհասարակությունը կարևորում է այդ տվյալների մատչելիությունը ընտրական գործընթացների թափանցիկ կազմակերպան առումով: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը:

 - Տեսեք, մշակված տվյալները պետք է օգտագործվեն այն նպատակով, ինչի համար իրենք ստեղծվել են: Ռեգիստրը ստեղծվել է ընտրական գործընթացի թափանցիկության համար: Բայց իրականում տվյալների 10-20 տոկոսն է օգտագործվում այդ նպատակով: Մնացածն օգտագործվում է լրագրողների, փաստաբանների եւ քաղհասարակության մյուս ներկայացուցիչների կողմից՝ լրագրողական հետաքննությունների եւ այլնի համար…

- Բայց դա հանրային շահից է բխում:

- Այո, բայց մենք պետք է հասկանանք, որ դա պետության կողմից մշակվել է ոչ այդ նպատակով: Այն մշակվում, պահպանվում է ընտրական գործընթացները արդար ու թափանցիկ դարձնելու նպատակով: Բայց հնչած անհանգստությունները իսկապես լուրջ են, որովհետեւ այնտեղ քաղաքացիներին վերաբերող կարեւոր տվյալներ են, որոնց մատչելի դարձնելու համար մարդը պետք է նախապես տա իր համաձայնությունը: Տարբերակներից մեկը, որ քննարկվում է, այն է, որ մարդն ունենա ընտրության հնարավորություն: Եթե քաղաքացին դեմ է, որ իր տվյալները բաց լինեն, դրանք փակ դարձնելու իրավունք ունենա:

Է՞լ ինչ առաջնահերթություններ կանորոնք հրատապ լուծում են պահանջում:

- Առաջինը տեսահսկման խնդիրն է, որը լայնորեն կիրառվում է թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորի կողմից եւ օրենքով ամենեւին կարգավորված չէ: Միայն ՃՈ-ի կողմից իրականացվող տեսահսկումն է, որ օրենքով կարգավորվում է: Միջազգային լավագույն փորձը կկիրառենք մեզ մոտ, կառաջարկենք կարգավորումներ: Բայց դրանք դեռեւս չեն լինի օրենսդրական կարգավորումներ, այլ՝ ուղենիշներ: Կլինի ուղեցույց այն մասին, թե ինչպես իրականացնել տեսահսկումը հանրային վայրում: Կփորձենք խաղի կանոններ սահմանել բոլորի համար, տեսնենք թե որքանով դրանք կիրառելի կլինեն մեր երկրում: Միշտ չէ, որ աշխարհի լավագույն փորձը Հայաստանում դրական կիրառություն է գտնում: Կիրառությունից հետո արդեն, գործակալությունը հանդես կգա օրենսդրական կարգավորումների առաջարկությամբ:

- Փաստորեն Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարկինգ սիթի սերվիսի» կողմից տեսանկարահանումները նո՞ւյնպես օրենքով կարգավորված չեն:

- Առաջին վարույթը, որ իրականացնում է գործակալությունը, վերաբերում է ձեր նշած խնդրին: Քաղաքացին նշում է, որ ավտոկայանատեղիում ծառայություն մատուցող ընկերության կողմից տուգանքի է ենթարկվել, որի հիմքում դրված է հենց այդ տեսախցիկներով կատարված տեսագրությունը: Քաղաքացին սա համարում է ներխուժում իր անձնական կյանք: Վարչական վարույթը դեռ ընթացքի մեջ է: Շատ պատասխանատու է այս հարցով որոշում կայացնելը, քանի որ սա նախադեպ է լինելու մյուս բոլոր որոշումների համար:

-  Լրագրողները պետական էլեկտրոնային ռեգիստրներից օգտվում են հետաքննություններանցկացնելու, կոռուպցիոն ռիսկեր բացահայտելու նպատակով:  Եթե գործարար հատվածը, որըհաճախ սերտաճած է պետական ապարատին, պահանջի թաքցնել տվյալները, ինչպե՞ս եքվարվելու:

- Դուք տալիս եք հարց, որի վերաբերյալ ես միանձնյա որոշում չեմ կարող կայացնել: Ցանկացած հարցի վերաբերյալ մենք դիրքորոշում ձեւավորում ենք, բայց այն պետք է երկար ճանապարհ անցնի, որպեսզի դառնա որոշում: Առաջին հերթին հարցը պետք է անցնի հանրային քննարկումների ճանապարհ, փորձաշրջան, որպեսզի հասկանանք, թե այն ինչպես է ազդելու իրականության վրա: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հիմա առաջին քայլերն են արվում: Եվ առաջին քայլերն անել առանց հանրությանը տեղեկացնելու, առանց նախագծերը թեստ անելու՝ սխալ կլինի: Ձեր նշած հարցով նախադեպեր չկան, որի վրա հենվենք: Առաջին քայլերը մենք ենք անելու, եւ ցանկացած սխալ կառույցի հեղինակությունը կդնի կասկածի տակ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն