Դեպի վեր

Փոխնախարար. ՀՀ քրեական արդարադատության ոլորտում առկա բոլոր օրենքները, փաստաթղթերը փոխում ենք

19/04/2016

Հայաստանի քրեակատարողական ոլորտում գրեթե որևէ ենթաոլորտ չկա, որտեղ բարեփոխումներ չեն իրականացվում:  «Քրեական արդարադատության մոտեցումները Հայաստանում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Ըստ նրա, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ բանտերի գերբեռնվածության խնդիրը որոշ չափով լուծվել է: Փոխնախարարի համոզմամբ, ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրումը նույնպես կնպաստի գերբեռնվածության խնդրի լուծմանը: Նա կարևորեց կադրային ապահովածության խնդիրը, նշեց, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվում է բանտային առողջապահության ծրագիրը: Փոխնախարարի խոսքով, քրեակատարողական ծառայությունը նաև էներգախնայողության ծրագիր է իրականացում, որը հնարավորություն կտա տասը ՔԿՀ-ներում ապահովելու բնակության համար իդեալական ջերմային, հիգիենիկ պայմաններ:

Ս.Քրմոյանն ասաց, որ ՀՀ քրեական արդարադատության ոլորտում առկա բոլոր օրենքները, հիմնական փաստաթղթերը փոխում են, համապատասխանեցնում եվրոպական չափանիշներին, փորձում են դատապարտյալի կենցաղի, զբաղվածության հետ կապված հարցեր լուծել:

Քննարկմանը ներկա Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանն ասաց, որ ԵՄ-ն աջակցել և աջակցում է այն փոփոխություններին, որոնք կատարվում են քրեական, քրեադատավարական օրենսգրքերում:

«Մենք իրականացնում ենք նաև մի շարք ծրագրեր, որոնցից մեկն ուղղված է բանտային հաստատություններում առողջապահական ծրագրերին, ինչպես նաև գերբեռնվածության խնդրի լուծմանը»,- ասաց նա:

Նշենք, որ կլոր սեղանին մասնակցում են արդարադատության նախարարության, քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ԱԺ անդամներ, դատավորներ, դատախազներ, Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների անդամներ: Հանդիպման նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում և Արևելյան գործընկերության երեք այլ երկրում ՝ Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, բանտերի գերբնակեցման դեմ պայքարի, կանխարգելման վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Կլոր սեղանը հաջորդում է «Քրեական արդարադատության մոտեցումները Արևելյան գործընկերության երկրներում բանտերի գերբնակեցման խնդրին» թեմայով Թբիլիսում այս տարվա փետրվարին կայացած կոնֆերանսին:

Կլոր սեղանը «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումների աջակցություն (անցում պատժողական մոտեցումներից դեպի վերականգնողականին)» ավելի ծավալուն ծրագրի մաս է, որն իրագործվում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի համար Եվրոպայի միության և Եվրոպայի խորհրդի Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում:

Ամբողջական հոդվածը ՝ http://www.panorama.am/am/news/2016/04/19/%D5%94%D6%80%D5%B4%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AC%D5%B8%D6%80-%D5%BD%D5%A5%D5%B2%D5%A1%D5%B6/1565097

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն