Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Մարդու իրավունքները և առողջապահությունը» խորագրով միջազգային համաժողովին

07/11/2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր մասնակցել է «Մարդու իրավունքները  և առողջապահությունը» խորագրով  միջազգային համաժողովին, որի նպատակն է իրավաբանների, բժիշկների, առողջապահության և առողջապահական իրավունքի ոլորտի ապագա մասնագետների, ոլորտում գործող համապատասխան կառույցների ներկայացուցիչների համատեղ ջանքերով վեր հանել ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև մեխանիզմներ մշակել օրենսդրության զարգացման և մարդու իրավունքների ամրապնդման ուղղությամբ:

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարի խոսքով՝ առողջապահական իրավունքը մարդու գերակա իրավունքներից է եւ առողջության մասին խոսելիս դժվար է գտնել որեւէ մեկին Հայաստանում եւ աշխարհում, ով չգիտակցի առողջապահական իրավունքի կենտրոնական դերը մարդու կյանքում: «Պատահական չէ, որ այս իրավունքը համարվում է մարդու իրավունքների եւ արժանապատիվ կյանքի հիմնաքարային բաղադրիչներից մեկը: Պատահական չէ, որ կան իրավունքներ, հանուն որոնց պետությունները միավորում են իրենց ջանքերը: Եվ միջազգային  իրավական փաստաթղթում դրանց ամրագրումը եւ շարունակական արտացոլումը վկայում է այն մասին, որ այս իրավունքը կենտրոնական տեղ է զբաղեցնում»,-ասել է Ա.Հովհաննիսյանը: