Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը

30/03/2017

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել  է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի գլխավորած պատվիրակությանը:

Արդարադատության նախարարը բարձր  է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:

Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումները, նշել է, որ արվել է առավելագույնը թափանցիկ ընտրություններ ունենալու և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու համար: 

Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի  ընդունումը և վստահեցրել, որ առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմնակալության սկզբունքով: