Դեպի վեր

Ցանկացած իրավախախտ պետք է պատասխանատվություն կրի. Դավիթ Հարությունյան

07/06/2017

«Նմանատիպ միջադեպեր, իհարկե, կարող են լինել, ցավալի երևույթ է, բայց այն, որ էթիկական ստանդարտներն արդեն ներդրվում են մեր փաստաբանական համակարգում, դա որևէ մեկը հերքել չի կարող»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպին:

Նրա խոսքով՝ մի քանի տարի է, ինչ այդ աշխատանքը հետևողականորեն առաջ է մղվում։
Լրագրողների հարցին՝ արդյոք բավարար հեղինակություն է վայելում  փաստաբանության ինստիտուտը, նախարարը պատասխանեց. «Դեռևս ոչ, բայց կարծում եմ հենց դա էլ ավելի մղում է նոր քայլերի։ Եթե որևէ խնդիր Հայաստանի փաստաբանությունը չունենար, կարծում եմ մենք ուղղակի կանգ կառնեինք։ Ակնհայտ է, խնդիրներ կան և դրանք պետք է լուծվեն»։

Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ նախարարությունը համագործակցելու է Փաստաբանների պալատի հետ, փորձելու են ուրվագծել առաջնահերթ խնդիրները, տեսնել, թե յուրաքանչյուրն ինչ անելիքներ ունի։

«Նախարարությունը իր հիմնական ազդեցությունն իրականացնում է օրենսդրական բարեփոխումների եղանակով և վերջերս տեղի է ունեցել փոփոխություն փաստաբանության մասին օրենքով։ Որպես քաղաքական մարմին մենք ունենք երկու հիմնական քայլ, որոնք պետք է կատարենք։ Բացի օրենսդրականից մենք ունենք համատեղ աշխատանք, համատեղ ծրագրեր՝ կրթելու ոչ միայն փաստաբանությանը, այլև՝ հանրությանը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դատավոր, դատախազ ձերբակալություններին, արդարադատության նախարարն ասաց. «Անկախ նրանից դատավոր է, դատախազ է, թե ավելի բարձր պաշտոնյա, ցանկացած իրավախախտ պետք է պատասխանատվություն կրի։ Հենց դրանում է իրավական պետության բուն արմատը՝ անկախ պաշտոնից, անձը, ով խախտում է կատարել, պետք է պատասխանատվություն կրի։ Դա կամաց-կամաց մեզանում կարմատավորի, որ անպատժելիություն լինել չի կարող»։

Լրագրողները նախարարից հետարքրքվեցին նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պայմանների մասին, ինչին ի պատասխան նա ասաց. «Այստեղ մշակվում է նոր ծրագիր և նոր քայլեր արվելու են, դրանում կարող եք վստահ լինել։ Կարծում եմ՝ մոտակա մի քանի ամիսների ընթացքում մենք կներկայացնենք համապարփակ ծրագիր, թե քրեակատարողական համակարգում առողջապահության հարցերը ինչ ձևով պետք է լուծել։ Դրանք հեշտ հարցեր չեն, պահանջում են նաև ֆինանսական ներդրումներ, որոշ դեպքերում՝ շատ լուրջ։ Այնուամենայնիվ, փորձում ենք գտնել նորովի լուծումներ այստեղ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն