Հանրային քննարկում՝ ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ

19/12/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային հաշվետվություն-քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ և Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրել է քննարկման օրակարգը և նշել, որ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին նմանօրինակ հանրային քննարկումները կրելու են պարբերական բնույթ՝ որպես պետական մարմինների կողմից իրագործված ծրագրի մշտադիտարկման և կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության ապահովման գործիք:

Հաջորդիվ, նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների՝ ՀՀ արդարադատության նախարարության կատարողականը: Ըստ այդմ՝ մշակվել են կալանավորած անձանց կամ դատապարտյալների խոշտանգման և վատ վերաբերմունքի փաստաթղթավորման վերաբերյալ նորմատիվ ակտի և «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագծերը:

Այնուհետև, իրենց կատարողականներն են ներկայացրել նաև ՀՀ Առողջապահության, Բնապահպանության, Կրթության և գիտության, Սփյուռքի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները, որին էլ հաջորդել է շահագրգիռ քննարկում մասնակիցների միջև: