e-draft.am-ը լայն հնարավորություն է ստեղծել քաղհասարակության համար ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատանքին

05/05/2018

Իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը լայն հնարավորություն է ստեղծել քաղաքացիների համար ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն ունենալ օրինաստեղծ աշխատաքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կայքի այցելունների թիվը 2017 թվականի փետրվարից մինչև 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում գերազանցել է 420 հազարը: Պետական մարմինների կողմից տեղադրված նախագծերի թիվը գերազանցել է  600-ը,  իսկ կայքում մշտական գրանցված օգտատերերի թիվը ավելի քան 18 հազար է:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը e-draft-ը աննահադեպ հարթակ է համարում այն առումով, այն քաղաքացիական հասարակությանը տեղեկացնում է, թե տարբեր գերատեսչությունների կողմից ինչ նախագծեր են մշակվում և նրանք կարողանում են առաջարկություններով ու դիտարկումներով մասնակից լինել  օրինաստեղծ գործընթացում: Փորձագետի կարծիքով` հարթակում պետք է ավելի ներգրավված լինեն հասարակական կազմակերպությունները և ակտիվ քաղաքացիները:

«Եթե նախագծերի վերաբերյալ քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների տված առաջարկությունների ազդեցությունը ավելի տեսանելի լինեն հարթակում, կարծում եմ, նրանց ներգրավածությունը էլ ավելի կավելանա»,- ասաց Մարտիրոսյանը:

Vivacell MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ողջունում է հանրության, այդ թվում՝ դրա անբաժան մասը հանդիսացող բիզնեսի համար իրավական ակտերի նախագծերը բաց ներկայացնող e-draft առցանց հարթակի ստեղծումը: «Այս հարթակի առավելությունն այն է, որ համապատասխան ոլորտի առնչվող որևէ իրավական ակտում հետաքրքրվածության, դրա վերաբերյալ որոշակի տեսակետ կամ սեփական մոտեցում ունենալու պարագայում, ցանկացած ընկերություն հնարավորություն է ստանում ներգրավվելու օրինաստեղծ գործընթացում: Հարթակի շնորհիվ ստեղծված՝ ընդգրկվածության և մասնակցության հնարավորություններն ու թափանցիկությունը չափազանց կարևոր են իրավական ակտերի բոլոր շահառուների համար՝ անկախ ոլորտից, քանի որ ցանկացած տնտեսվարող կարող է և պետք է արտահայտի իր տեսակետը հետաքրքրություն ներկայացնող իրավական նախաձեռնության առնչությամբ, հրապարակայնորեն, դեռ վաղ փուլում, որպեսզի օրինական շահերն իրենց արտահայտումը գտնեն համապատասխան օրենսդրությունում: Ընկերությունները պետք է լինեն նախաձեռնող, այլ ոչ՝ արձագանքող, երբ խոսք է գնում իրենց գործունեության վրա ազդեցություն ունեցող իրավական որոշումների մասին: Ուրախալի է, որ «e-draft» հարթակը ընձեռում է նման հնարավորություն»,-ասաց Յիրիկյանը:

Սկզբնաղբյուրը ՝ https://armenpress.am/arm/news/932402.html