Դեպի վեր

Սուրեն Քրմոյան. «Երեխաները մեր ապագան են, և բոլորի ներդրումն այս ուղղությամբ ամենակարևորն է»

12/06/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «ՀՀ-ի կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկմանը: Քննարկումը կազմակերպվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ:

Զեկույցի շնորհանդես-քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, երեխաների իրավունքների և պաշտպանության հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների փորձագետներ:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՄԻՊ գրասենյակին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին՝ Երեխայի իրավունքի պաշտպանությանը վերաբերող հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև նշել է, որ երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանությունը Արդարադատության նախարարության  կողմից դիտարկվում է որպես առաջնային կարևորության խնդիր և ամենօրյա ռեժիմով կատարվող աշխատանք:

Փոխնախարար Քրմոյանի խոսքով՝ երեխաները մեր ապագան են, և բոլորի ներդրումն այս ուղղությամբ ամենակարևորն է: Ս. Քրմոյանը շեշտել է, որ  այս համատեքստում որպես հաջող փորձ կարելի է համարել նաև 2016 թվականին ձևավորված և մինչ օրս ակտիվ գործող «Անչափահասների արդարադատության» խորհրդի ստեղծումը, որն անկախ մարմին և միջգերատեսչական պլատֆորմ: Երեխաների իրավունքների պաշտպանությանը  վերաբերող զեկույցի քննարկման շրջանակում փոխնախարարը նշել է, որ երեխայի իրավունքները պետք է պաշտպանվեն ընտանեկան հարաբերություններում ևս, օրինակ երբ ընտանիքում առկա է ամուսնալուծություն կամ այլ խնդիր:

Նշենք նաև, որ զեկույցը կազմելիս ուսումնասիրվել են Կոնվենցիայի և կից արձանագրություններին առնչվող մի շարք ամփոփիչ դիտարկումներ, անցկացվել են հարցազրույցներ ոլորտի անկախ փորձագետների, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների, փաստաբանների, դատավորների հետ: Ուսումնասիրվել են մի շարք դատական ակտեր, խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացություններ, հատուկ ուշադրության են արժանացել նաև ԶԼՄ-ների կողմից թողարկված հարղորդումները, սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումները և այլն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն