ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են սնանկության ոլորտի վերաբերյալ մի շարք հարցեր

27/06/2018

ՀՀ ԱՆ «Օրենսդրութան զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը և Համաշխարհային բանկի ֆինանսական հատվածի փորձագետ Նինա Մոչևան այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են սնանկության գործընթացի, պարտքերի կառավարման, ՀՀ-ում սնանկության  ոլորտում արդեն իսկ կատարված փոփոխությունների, գործնական կիրառության ընթացքում ծագած խնդիրների, ինչպես նաև պարտատերերի իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը նշել է, որ սնանկության ոլորտի զարգացումը  Կառավարության առաջնահերթություններից է: Նրա խոսքով՝ այս բնագավառում կատարված աշխատանքների շրջանակում մշտապես հաշվի են առնվել Համաշխարհային բանկի կողմից ներկայացված զեկույցները և դրանցում կատարված առանձին շեշտադրումները:

Նինա Մոչևան շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը հանդիպման պատրաստակամության համար և անդրադարձել պարտքերի կառավարմանը, անվճարունակության հետ կապված հարցերին, ինչպես նաև սնանկության գործընթացի ժամանակ ծագող իրավահարաբերություններին:

Հյուրի խնդրանքով Տիգրան Մարկոսյանը ներկայացրել է «Սնանկության մասին նոր օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մշակման ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, բոլոր շահագրգիռ մարմիններից ստացված և գույքագրված խնդիրների հիման վրա մշակված լուծումները: Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ նախագծի շուրջ կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց մասնակցում են ոչ միայն պետական, այլ նաև բիզնես հատվածի ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրութան զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետներ: