Ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ

04/07/2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ: 

Գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:

Համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում  կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների, Արդարադատության նախարարության, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում:

Մրցույթին մասնակցելու համար կկարողանան դիմել բարձրագույն իրավաբանական (առնվազն իրավագետի բակալավրի) կրթություն ունեցող, առնվազն վերջին երեք տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող, անգլերենին գերազանց տիրապետող, Դատարանի նախադեպային իրավունքին իրազեկ գործունակ ՀՀ քաղաքացիները: Նշված չափորոշիչները բավարարող իրավաբաններին կոչ ենք անում հայտարարությունը հրապարակելուց հետո լինել ակտիվ:

Նշենք նաև, մրցույթի փուլը հաղթահարած թեկնածուներից արդարադատության նախարարը կընտրի երեք թեկնածություն. նրանք կներկայացվեն Եվրոպայի խորհուրդ՝ ընտրություն կատարելու համար: