Դեպի վեր

Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

03/08/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ շփման-հաղորդակցման խնդիրներին, ՔԿՀ-ներում ոչ կանոնադրական հարաբերությունների լուծման հնարավոր ուղիներին: Նշված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը, «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը: Նիստին մասնակցել է նաև ՀՀ ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է  նիստի մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը ակնկալում է մշակել համապատասխան կարգավորումներ և խնդիրների լուծման հստակ մեխանիզմներ՝ հաշվի առնելով անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ շփման սահմանները:

Խորհրդի անդամները, ի թիվս այլ առաջարկների,  առաջարկել են նաև կիրառել խրախուսանքների ինստիտուտը՝ տեսազանգի կամ քրեակատարողական հիմնարկներին կից բացօթյա հանդիպումների տեսքով, ինչը ըստ նրանց ուսումնասիրությունների՝ բավականին տարածված է ԱՊՀ երկրներում:

Կարեն Հակոբյանը, Խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ խրախուսանքներ կիրառելու պրակտիկան Հայաստանում ևս կա. եթե նախկինում տեսազանգի հնարավորությունից կարող էին օգտվել միայն օտարեկրացիները, ապա նոյեմբերից անազատության մեջ գտնվող բոլոր անձինք կունենան այդ հնարավորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նիստի ընթացքում բարձրացված առաջարկներն ու դրանց իրավական կարգավորումները Արդարադատության նախարարություն ներկայացնել նաև գրավոր տարբերակով:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն