Նախարար Զեյնալյանը մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին

26/09/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և  ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հետ համատեղ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այլք:

Նախարար Զեյնալյանը, անդրադառնալով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելմանը, առաջնային աջակցության տրամադրմանը, արդարադատությանը, ծառայությունների հասանելիության ապահովմանը, նշել է, որ հարցը օրակարգային է ՀՀ կառավարության համար և առնչվում է պետական, հասարակական կյանքի բոլոր ոլորտներին՝ տեսանելի և անտեսանելի: «Այս խնդիրների լուծումը պահանջում է համագործակցային նոր մոտեցումներ ու համատեղ ջանքերի արդյունքում առկա հիմնախնդիրների արդյունավետ, որակական նոր մակարդակում կանխարգելող և արձագանքող լուծումներ: Արդարադատության նախարարությունն այդ ուղղությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, երկարաժամկետ ծրագրերի իրականացման, որի հիմքում յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի ապահովման կառուցակարգերի զարգացումն է»,-ասել է նախարարը և կարևորել բոլոր գործընկերների ակտիվ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ 2015 թվականին ստեղծված  Անչափահասների արդարադատության խորհրդի դերակատարությունը: Նախարարն ընդգծել է, որ Խորհրդի միջոցով 2017 թվականին կատարված աշխատանքների և միասնական ջանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը միացել է We protect global aliance գլոբալ գործընկերության ցանցին: Նախարարը գոհունակությամբ նշել է, որ  երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող Նախարարության քայլերն արդեն ունեն կոնկրետ շոշափելի արդյունքներ. ««Ընտանիքում բռնության կանխարգելման և համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ընտանեկան օրենսգրքի կատարելագործումը, քրեական և քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը և մի շարք հարակից իրավական ակտեր, օրենսդրական նախաձեռնություններ հստակ երկարաժամկետ ձեռնարկումների իրավական հիմքն են, որի վրա պետք է զարգացնենք կառուցակարգեր և աջակցության սխեմաներ:   Անշուշտ, միայն օրենսդրությունը բավարար չէ հասարակական կյանքում որակական համակարգային փոփոխությունների հասնելու համար: Ցավալիորեն, երեխաները բռնության զոհեր են այնպիսի միջավայրերում, որտեղ միշտ չէ հնարավոր իրավական կարգավորումներով ապահովել լավագույն լուծումները: Լավագույն լուծումները սոցիալական նորմերի փոփոխությունը, դրական ծնողավարման, մեր համայնքներում երեխաների նկատմամբ հոգածության, պաշտպանության մշակույթի զարգացման համալիր քայլերն են, որին ձեռնամուխ ենք լինում մեր գործընկերների հետ համատեղ: Պետք է կարևորել նաև այն մասնագիտական ներուժը, որը բռնության արձագանքման, կանխագելումից մինչև պաշտպանություն, կարիք ունի հզորացման. մենք դիտարկում ենք որ քրեական արդարադատության մարմինները ևս մասնագիտացման անհրաժեշտություն ունեն»,- ասել է նախարար Զեյնալյանը:

«Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ոլորտում ուզում եմ գոհունակությամբ առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, արդարադատության մարմինների, ոստիկանության, սոցիալական և կրթության ոլորտի մարմինների, համայնքների և քաղաքացիական հասարակության համակարգված աշխատանքը: Լիահույս եմ, որ համաժողովը և միջազգային փորձագիտական այս ներուժը և մեր համագործակցությունը կունենա նոր զարգացումներ և կայուն շարունակականություն՝ ընդլայնելով գործունեության շրջանակները, նպատակ ունենալով համագործակցային և բազմաոլորտային աշխատանքների միջոցով դեմ կանգնել երեխաների հանդեպ բռնության մարտահրավերներին և ապահովել երջանկության մանկության տեսլական իրավական, սոցիալական, կառուցակարգերի միջոցով: Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ ՀՀ Կառավարությանը աջակցության, համատեղ աշխատանքների ու միջազգային համագործակցության ընդլայնման և զարգացմանը նպաստելու համար»,- եզրափակել է նախարարը: