Տեղի է ունեցել բանտային առողջապահության բարեփոխումներին նվիրված քննարկում

23/10/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով քննարկմանը:  Այն կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները:

Նախարարի տեղակալը ողջունել է մասնակիցներին՝ ընդգծելով, որ քննարկումների արդյունքում վերջնական ամփոփված նախագիծը կներկայացվի Կառավարության հաստատմանը:

Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ ազատազրկված անձանց առողջապահական ծառայությունների մատուցման նոր ՊՈԱԿ-ի ձևավորման գործընթացն անշեղելի է և մոտ ամիսների ընթացքում այդ ուղղությամբ կլինեն շոշափելի արդյունքներ:

Հանդիպման ընթացքում միջազգային փորձագետներ Փիթր Պավլին և Փիթր Բարթլեթը ներկայացրել են մշակված նախագծերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանության իրենց դիտարկումները՝ հիվանդանոցային բուժօգնության և հոգեբուժական ծառայությունների մասերով:

Այնուհետև, ըստ լրամշակված նախագծի, տեղացի փորձագետները ներկայացրել են կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական և հիվանդանոցային բուժօգնության նոր ընթացակարգերը, որին էլ հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: