Դեպի վեր

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված բարեփոխումները

21/12/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն այսօր ներկայացրել են երեխաների իրավունքների պաշտպանության հիմնահարցերն ու «Ընտանեկան օրենսգրքի» բարեփոխումները: Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցության և թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար, այնուհետև ներկայացրել երկու գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու ներդրված ջանքերը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Փոխնախարար Քրմոյանը նշել է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքում 2018 թվականին կատարված փոփոխություններով և լրացումներով սահմանվել է երեխայի «լավագույն շահ» հասկացությունը: «Երեխայի նկատմամբ իրականացվող ցանկացած գործողություն պետք է բխի նրա լավագույն շահից»,-ասել է նախարարի տեղակալը:

 Նույն համատեքստում, ներկայացվել են որոշ փոփոխություններ, որոնք վերաբերել են երեխայի ազատ կարծիքի արտահայտման դրույթներին, խնամատարության ինստիտուտի լիարժեք ներդրմանը, որդեգրման գործընթացներին, ալիմենտի վճարման սկզբունքներին և այլն: Նրա խոսքով՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում, իսկ այդ կարծիքն արտահայտելու և դա հաշվի առնելու տարիք սահմանվել է տասը տարեկանը՝ կրկին հաշվի առնելով տվյալ երեխայի հասունության աստիճանը:

 Ըստ փոփոխված Ընտանեկան օրենսգրքի՝ երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքից, եթե՝

  •   եթե նրանք` մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց,
  •   չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից,
  •  չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա և այլն:

 «Ընտանեկան օրենսգրքի» վերջին փոփոխություններով երեխա որդեգրելու համար սահմանվել են տարիքային որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, որդեգրող ծնողի և երեխայի տարիքային նվազագույն տարբերությունը պետք է լինի 18 տարի, իսկ առավելագույնը՝ 50: Օրենսգրքով սահմանվել է նաև, որ մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների որդեգրում կարող է կատարվել միայն, երբ ծնողներն ի վիճակի են իրականացնել այդ երեխայի խնամքը: Գտնված (ընկեցիկ) երեխայի անմիջական որդեգրման ինստիտուտը վերացվել է, և ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի եռամսյա ժամկետում գտնելու այդ ընտանիքի երեխային և փորձի վերականգնել ընտանիքը:

 Քրմոյանի խոսքով՝ ամրագրված նոր մեկ այլ դրույթ բացառում է այս ոլորտում չարաշահումները: «Ծնողների համաձայնությամբ որդեգրումը թույլատրվում է միայն, եթե որդեգրողը խորթ հայրը կամ մայրն է կամ մերձավոր ազգականը: Չի թույլատրվում, որ անձը համաձայնություն տա ազգական չհանդիսացող այլ անձի կողմից երեխայի որդեգրման համար»,-նշեց նա։

 Փոխնախարարը շեշտեց նաև, որ որդեգրված երեխաների նկատմամբ ներկայում վերահսկողություն է սահմանվում: «Նախկինում այս հարցում որոշ խնդիրներ էին առկա: Այժմ համապատասխան սոցիալական մարմինները պետք է պարտադիր վերահսկողություն իրականացնեն որդեգրած երեխայի նկատմամբ: Ընդ որում, նաև սահմանվել է պատասխանատվություն»,- տեղեկացրել է Սուրեն Քրմոյանը:

 Խոսելով անչափահասների արդարադատության ոլորտում իրականացվող աշխատանքներից՝ նա նշել է, որ քրեական արդարադատության ոլորտում իրավապահ մարմինների կողմից վարվող քաղաքականության արդյունքում ներկայում չունենք պատիժ կրող երեխա: «Ունենք միայն մեկ կալանավորված անչափահաս՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կրթության և գիտության նախարարության հետ էլ աշխատանքներ ենք տանում, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անչափահասների առկայության դեպքում կարողանանք կրթական գործընթացն ամբողջությամբ իրականացել»,- նշել է արդարադատության փոխնախարարը:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը ներկայացրել է իրենց գերատեսչության կողմից երեխաների իրավունքների պաշպանությանն ուղղված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Նրա խոսքով՝ առաջին հերթին պետք է կարողանալ ապահովել հատկապես դժվար իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների պաշտպանությունը։

Խոսելով Նախարարության՝ այս ոլորտում իրականացվող քաղաքականությունից՝ Մանուկյանն առանձնացրել է այլընտրանքային ծառայությունների զարգացումը, որը ենթադրում է ծառայությունների մատուցման գործընթացում մասնավոր հատվածի և հասարակական կազմակեպությունների ներգրավում, խնամատարության ինստիտուտի զարգացումը և այլն:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն