Արդարադատության նախարարն ընդունել է IRI-ի ռազմավարական խորհրդատուին

20/03/2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) ռազմավարական խորհրդատու Բարրի Ջեքսոնի գլխավորած պատվիրակությանը:  

Նախարարը բարձր է գնահատել տարիներ շարունակ ԱՄՆ գործադիր և օրենսդիր ոլորտներում աշխատանքային գործունեությունը ծավալած Բարրի Ջեքսոնի փորձառությունն ու հարուստ կենսագրութունը և վերջինիս հետ քննարկել արդարադատության ոլորտի հիմնական մարտահրավերները հաղթահարելու մեխանիզմները:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակին, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի արդյունավետությանը և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև Նախարարության ընթացիկ կարիքների գնահատման ու կարողությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել փորձագետին հանդիպման համար և վստահեցրել, որ համագործակցությունը շարունակական կլինի, արդյունքն էլ՝ չափելի: