Դեպի վեր

Արդարադատության փոխնախարարը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

17/04/2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ապրիլի 16-ին ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Արման Խաչատրյանին՝ քննարկելու «Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը ողջունել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու հետագա փոխգործակցության ուղղությունները:

Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության գործարկած www.e-draft.am և www.e-request.am  հարթակների և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների մշտադիտարկման նպատակը, արդյունքների փաստագրման եղանակները և փոխգործակցության տեսլականը:

Հանդիպմանը ներկա Էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժնի աշխատակիցներ Արևիկ Ավոյանը և համակարգչային ցանցերի ադմինիստրատոր Մերի Շերոյանը ներկայացրել են խնդիրները, դրանց լուծման ուղիները, ինչպես նաև օրենսդրական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով հանրության իրազեկման կարևորությունը:

Շուշան Դոյդոյանն ընդգծել է «Իրազեկ Հայաստան» ծրագրի շրջանակում ԵՄ համաֆինանսավորմամբ և Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի համագործակցությամբ իրականացվող ծրագրի կարևորությունը և էլեկտրոնային գործիքների ու պետական միասնական գրասենյակների արդյունավետության գնահատման այս հնարավորությունը:

Փոխնախարար Վարդապետյանը հույս է հայտնել, որ ծրագրի արդյունքները օգտակար կլինեն պետական ծառայությունների մատուցումը բարելավելու ու զարգացնելու համար, ինչպես նաև թույլ կտան բացահայտելու արդյունավետության բարձրացման նոր հնարավորությունները:

Հանդիպման կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագրի իրականացման շրջանակում հետագա աշխատանքային քննարկումների ձևաչափի և փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն