Դեպի վեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի երկրորդ նիստին

14/06/2019

Ս.թ. հունիսի 13-ին Բրյուսելում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպական միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին: Նիստը վարում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Նիստին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում ներկայացրել է դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումները, անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ռազմավարական քաղաքականության մշակման գործընթացներին:

Անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումների ազգային օրակարգին՝ արդարադատության նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը ՀՀ սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան դատական համակարգի վճռական և արմատական բարեփոխումների իրականացման հանդեպ: Վ. Քոչարյանը ընդգծել է, որ բարեփոխումներն ուղղված կլինեն արդարադատության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ապահովմանը, կնպաստեն իրապես անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կայացմանը՝ նպատակ ունենալով վերականգնել վերջինիս հանդեպ հանրության վստահությունը:

Իր խոսքում Վիգեն Քոչարյանը ողջունել է 2018թ. սեպտեմբերին արդարադատության ոլորտում բարձր քաղաքական երկխոսության մեկնարկը Հայաստանի և ԵՄ-ի միջև: Բարձր գնահատելով նմանօրինակ հարթակի ստեղծումը՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին արդարադատության ոլորտին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար և վերահաստատել պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու առկա սերտ համագործակցությունը: 

Նիստի արդյունքներով Խորհուրդը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որով Խորհուրդն ընդգծել է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգի կարևորությունը, որը նպաստում է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ նաև տնտեսական զարգացմանը և օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ բիզնես միջավայրին։ Խորհուրդն ողջունել է ներկայումս Հայաստանում համապարփակ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը` Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն