Արդարադատության նախարարի առաջին տեղակալի այցը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

16/06/2019

 2019 թվականի հունիսի 10-ից հունիսի 14-ը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին և Լայպցիգ):

Այցի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի հետագա բարելավման և կատարելագործման ուղղությունները, այդ թվում՝ մասնագիտական քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել վարչական դատավարության սկզբունքներին, հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի ընդդատության հարցին, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների, անգործության վիճարկմանը վարչադատավարական կարգով, վարչական դատավարությունում ապացույցներին, վարչական մարմնի կողմից ապացույցներ ներկայացնելու պարտականության ապահովմանը, դատական ծանուցումներին, հայցատեսակների դասակարգմանը, բարենպաստ վարչական ակտի վիճարկման հնարավորության նախատեսմանը, հայցի ապահովում կիրառելու հետ կապված հիմնահարցերին, վերաքննության և վճռաբեկության փուլերում գրավոր ընթացակարգի կիրառմանը և այլն:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը այցելել է Գերմանիայի Դաշնային վարչական դատարան, Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերի վերաքննիչ վարչական դատարան, Բեռլին երկրամասի Սահմանադրական դատարան, Գերմանիայի Դաշնային նոտարական պալատ, Գերմանիայի արդարադատության և սպառողների շահերի պաշտպանության նախարարություն:

Պատվիրակությունը հանդիպել և քննարկումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային վարչական դատարանի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Կլաուս Ռեններթի, Սահմանադրական դատարանի դատավոր, Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերի վերաքննիչ վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Յուրգեն Քիփի, Գերմանիայի Դաշնային նոտարական պալատի պաշտոնաթող փոխնախագահ Ռիխարդ Բոկի, Երկրակամասային դատարանի դատավոր, Գերմանիայի արդարադատության և սպառողների շահերի պաշտպանության նախարարության միջազգային իրավական համագործակցության բաժնի խորհրդական Ուտա Վինթերշտայնի հետ:

Վարչական դատավարության կատարելագործմանն ուղղված մասնագիտական քննարկումները կայացել են Գերմանիայի վարչական դաշնային դատարանի դատավոր, պալատի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելի, Հեսեն երկրամասի Գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսի և Վարչական, Գերմանիայի արդարադատության և սպառողների շահերի պաշտպանության նախարարության ֆինանսական և սոցիալական արդարադատության բաժնի խորհրդական, դատախազ Թեոդորոս Մավրիդիսի հետ:

Հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Բեռլին և Բրանդենբուրգ երկրամասերի վերաքննիչ վարչական դատարանի 1-ին պալատի երկու դատական նիստերի: