Դեպի վեր

Բարեփոխումներ ՔԿԱԳ ոլորտում. քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին

21/06/2019

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ՀՀ քաղաքացիների կյանքը մի քանի ուղղություններով բարեփոխող օրենքի նախագիծ: Վերջինի ընդունման արդյունքում կնվազեցվեն և՛ վարչարարությունը, և կոռուպցիոն ռիսկերը, և քաղաքացիների ժամանակը:

  1. Քաղաքացին ՔԿԱԳ մարմնում գործողություն կատարելու համար հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմինը.

2014 թվականի սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ներդրվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը հասանելի է Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԿԱԳ մարմիններին: Էլեկտրոնային կառավարման համակարգը ներդրվեց՝ նպատակ ունենալով ստեղծել քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական գրանցամատյան Հայաստանի ամբողջ տարածքում «մեկ պատուհան»-ի սկզբունքով՝ հնարավորինս պարզեցնելով այս ոլորտին բնորոշ վարչարարությունը: Արդյունքում ակնկալվում էր, որ պետք է ձևավորվեր առողջ մրցակցություն ՔԿԱԳ ոլորտի ծառայություններ մատուցող մարմինների միջև, ինչն էլ հիմք կհանդիսանար բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Մինչ օրս, սակայն, Հայաստանում քաղաքացիական կացության ակտերի գրանցումը կամ դրանից բխող գործառույթների իրականացումը պայմանավորված է վարչատարածքային պատկանելիությամբ, ինչի պատճառով շարունակում է գործել ՔԿԱԳ մարմինների «գործունեության մենաշնորհ»՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Այս նախագծով առաջարկվում է իրավունք վերապահել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումերին` իրականացնել մեկ պատուհան ծառայությունը` անձին հնարավորություն ընձեռելով դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին:

  1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ակտային գրանցումները հաստատող բոլոր փաստաթղթերը հնարավոր կլինի տրամադրել էլեկտրոնային ձևաչափով.

Նախագծով առաջարկվող կարգավորումներն ընդունվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ակտային գրանցումները հաստատող բոլոր փաստաթղթերը հնարավոր կլինի տրամադրել պետական վկայականները և տեղեկանքները էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում դրանք հասանելի դարձնել դիմողներին ՀՀ քաղաքացիների պաշտոնական www.e-citizen.am էլեկտրոնային հասցեով: Արդյունքում՝ դրանք մշտապես կպահպանվեն դիմողների պաշտոնական էլեկտրոնային փոստերում, իսկ դրանց արտատպված ձևաչափի իսկությունը հնարավոր կլինի ստուգել www.e-verify.am կայքում՝ մուտքագրելով փաստաթղթերի վրա զետեղված ծածկագրերը կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ այն ստուգել QR կոդի միջոցով:

  1. 3.    «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծնված երեխայի պետական գրանցման ընթացակարգերը կհամապատասխանեցվեն «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին. 

2016 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով Օրենքի 15-րդ հոդվածը լրացվեց նոր 14-րդ և 15-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ՝  

«14. Փոխնակ մորից ծնված երեխան սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին է հանձնվում, եթե ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման արդյունքում հաստատվում է, որ՝

1) ամուսիններից առնվազն մեկը կամ ամուսնության մեջ չգտնվող անձը հանդիսանում է երեխայի կենսաբանական ծնողը, և

2) փոխնակ մայրը չի հանդիսանում երեխայի կենսաբանական ծնողը:

15. ԴՆԹ-ի որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Միևնույն ժամանակ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում, որով կարգավորվում է երեխայի ծննդյան պետական գրանցման հիմքերը և ընթացակարգը, համապատասխան լրացումներ չեն կատարվել և այսօր, եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է ամուսնության մեջ գտնվող անձանց, ամուսնության մեջ չգտնվող տղամարդու կամ կնոջ հայտարարությամբ, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ապա ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթղթի հետ ներկայացվում է նաև փոխնակ մոր հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի մեկ օրինակը, իսկ  ծննդի պետական գրանցման գրքում տվյալ անձինք գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա։

 

  1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում ծախսերի նվազեցում 27.720.000 դրամով:
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն