Ռուստամ Բադասյանը ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման նոր հնարավորությունները

03/09/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար և այդ համատեքստում բարձր գնահատել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեության իրականացմանն ուղղված աջակցությունը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նախարարից հետաքրքրվել բարեփոխումների ծրագրերով ու դրանց աջակցելու հնարավարություններով:

Ռուստամ Բադասյանը հակիրճ ներկայացրել է Նախարարության կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը՝ դրանցից առանձնացնելով Հակակոռուպցիոն և Դատաիրավական բարեփոխումների ռազմավարություններով նախատեսված միջոցառումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ու էլեկտրոնային արդարադատության ներդրմանը:   

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները: