Դեպի վեր

Ռուստամ Բադասյան. «Հայաստանը պատրաստ է աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»

29/10/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին:  

Նախարարը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին միջոցառումը հնարավոր դարձնելու համար և նշել, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հասանելիությունն է:

«Հայաստանի իշխանությունն այսօր, ավելի քան երբևէ հավատարիմ է ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորություններին և պատրաստ է  աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»,- ասել է Ռուստամ Բադասյանը և շեշտել, որ Արդարադատության նախարարությունը՝ որպես այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատասխանատու կառույց, պատրաստակամ է սերտ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ այս ուղղությամբ Հայաստանի բարեփոխումների ճանապարհային քարտեզը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու և շահագրգիռ կողմերի  հետաքրքրությունները դրանում արտացոլելու նպատակով:

Բաց կառավարման գործընկերության գործադիր գլխավոր տնօրեն Սանջայ Փրադհանը, կարևորելով Հայաստանում այս թեմայով աշխատաժողովի անցկացումը, նշել է, որ Հայաստանը ԲԿԳ անդամ երկրների շրջանակում դիտվում է որպես ժողովրդավարության պայծառ կետ, և Հայաստանի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, իրապես, համընդհանուր ոգեշնչում էր բոլորի համար: Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարության ներկայիս նպատակը ժողովրդավար հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելն է: Այս համատեքստում Սանջայ Փրադհանը կարևորել է իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային գործիք: «Այսօր շատ երկրներում, որտեղ այս տեղեկությունը բաց է, անցկացվում են ժողովրդավար ընտրություններ, քաղաքացիները վստահում են իրենց կառավարությանը, պետական մարմիններին: Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը նպաստում է Կառավարության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացմանն ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին: Սա շատ կարևոր գործընթաց է նաև բիզնեսի համար»,- շեշտել է Սանջայ Փրադհանը՝ մտացածին որակելով այն մոտեցումը, թե իրական սեփականատերերին բացահայտելու գործընթացը կարող է վնասել ներդրումային միջավայրը: «Մեր փորձը հակառակն է ցույց տալիս. այն «խաղացողների» համար հավասար միջավայր  և նոր ներդրումների հնարավորություն է ստեղծում»,- վստահեցրել է ԲԿԳ գործադիր գլխավոր տնօրենը:

Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Օփեն Օուներշիփ»-ի կողմից իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով:

Միջոցառման մասնակցել են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիաննա Ղալթաղչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, այլք:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն