Դեպի վեր

Արդարադատության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

04/11/2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Հայաստանին՝ այդ թվում Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում ցուցաբերվող աջակցության ու  արդյունավետ գործընկերության համար և ներկայացրել Կառավարության բարեփոխումների խիտ օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և քրեակատարողական ոլորտներին:

Դեսպան Բանցհաֆը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարությանը վերապահված է մեծ առաքելություն՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Այդ համատեքստում Գերմանիայի դեսպանը հետաքրքրվել է Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի նախագծերի մշակման գործընթացներով:

Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, ներկայում երեք նոր օրենսգրքերի նախագծերի վերանայման վերջնական աշխատանքներն են իրականացվում և նախատեսվում է՝ մինչև տարեվերջ դրանք ուղարկել Ազգային ժողով: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ նշված փաստաթղթերը մարդակենտրոն են և հիմքում մարդու իրավունքներն ու միջազգային կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող առաջարկություններն են:    

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների թեկնածուների պատրաստման, գործող դատավորների վերապատրաստման հարցերին, ինչպես նաև ընդգծվել է, որ բարեվարքության գնահատման չափանիշները կիրառվելու են ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն