Դեպի վեր

Հրայր Թովմասյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի որևէ վարկային միջոց այս ծրագրի իրականացմանը չներգրավվի»

24/07/2012

Իշխանությունները հստակ գիտակցում են, ունեն քաղաքական կամք բաց աչքերով նայելու խնդիրներին և ցույց տալու դրանց լուծման ճանապարհները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 24-ին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մեկնաբանելով հանրությանը ներկայացված 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը: «Իշխանությունների որդեգրած քաղաքականությունն այս ոլորտում առաջին հերթին անկեղծությունն է, մենք անկեղծ նայում ենք մեր երկրում առկա խնդիրներին, դրա մասին մենք ինքներս բարձրաձայնում ենք և հանրությանն էլ ուզում ենք մասնակից դարձնել մեր ծրագրերի իրականացմանը»,- ասաց նախարարը:
Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ դատաիրավական համակարգում կա խնդիր, քանի որ երկրում դեռևս իրականացվում է պետական շինարարություն. «Երբեմն իներցիայով՝ խորհրդային անցյալը, կոմունիզմի կառուցումը և այլն, հնարավորություն չեն տվել լիարժեք հասկանալու առկա խնդիրները և լուծելու, շատ դեպքերում նաև ինքներս մեր սխալների վրա ենք սովորել»: Նախարարն ընդգծեց, որ այսօր պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգում առկա քաշքշուկները, երբեմն կոռուպցիոն ռիսկերը, երբեմն գործերի քննության երկարատև ընթացքը, ստեղծում են որոշակի անորոշություն, անկանխատեսելիություն, օբյեկտիվ դժգոհություն, ինչը տասնյակ այլ ածանցյալ խնդիրներ է առաջացնում:
Ըստ Հրայր Թովմասյանի, ծրագրով վեր են հանվել բոլոր օբյեկտիվ խնդիրները՝ նաև վերջին 2-3 տարվա ընթացքում հասարակական սեկտորի, մամուլի անդրադարձների հիման վրա, և նախանշվել դրանց լուծման ճանապարհները: Ըստ նախարարի, ծրագրի հաջողության գրավականն այն է, որ լինի բոլորի և յուրաքանչյուրի ծրագիր և ոչ թե միայն կառավարության ծրագիր:
Հ. Թովմասյանն ընդգծեց, որ ծրագրի բուն օրենսդրական ակտերի և ծրագրերի մշակումը մեծ գումարներ չեն պահանջում, դրանք կիրականացվեն բյուջետային, դրամաշնորհային միջոցներով: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի որևէ վարկային միջոց այս ծրագրի իրականացմանը չներգրավվի: Դրա ներուժն ու հնարավորությունը մենք ունենք»,- հավելեց նախարարը:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն