ՀՀ արդարադատության նախարարի ելույթը Ազգային ժողովի արտահերթ նիստում

06/09/2012

Այսօրվա քննարկումների արդյունքում երկու դիտարկում կարող եմ անել : Նախ կարող ենք հստակ գնահատել՝ մի կողմ դրած մեր բոլոր հակասությունները՝ թե ներքին և թե արտաքին հարցերում, մեր ազգը, մեր քաղաքական ուժերը պատրաստ են, ունակ են ազգային հարցերի շուրջ համախմբվելու և միասնական ճակատով հանդես գալու: Սա ցույց է տվել մեր պատմությունը և 88 թվականը դրա լավագույն վկայություններից մեկն է, որը պսակվեց հաղթանակով:
Եվ երկրորդ՝ մենք խոսում ենք բավականին ծանր մի դեպքի մասին և պետք է հասկանանք, որ սա միայն հայ ժողովրդի, միայն հայ զինվորի կամ միայն հայ քաղաքական գործիչների խնդիրը չէ: 21-րդ դարում տեղի է ունենում մի իրադարձություն, որի վրա առաջադեմ մարդկությունը չի կարող աչք փակել, որովհետև , եթե սա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության նկատմամբ,. ապա կա արդյո՞ք երաշխիք, որ վաղը՝ ասենք ֆրանսիացուն Իսպանիայում սպանած անձը հերոս չի դառնա կամ պորտուգալացուն Գերմանիայում սպանած անձը հերոս չի դառնա: Այսինքն մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ սա միայն հայ զինվորի և մեր կռիվը չէ: Մենք կռիվ ենք տալիս մի արժեհամակարգի համար, որն ի սկզբանե որդեգրել է Եվրոպան, ուստի պետք է տեր կանգնի իր որդեգրած սկզբունքներին:
Քաղաքական դիրքորոշումների և քաղաքական գնահատականների պակաս այստեղ չկար, բայց ես կփորձեմ տալ այս ամբողջ գործընթացի իրավական գնահատականները: Ի՞նչ է կատարվել , որտե՞ղ են խնդիրները և իրավական դսաշտում Հայաստանը հետագայում ինչպիսի՞ քայլեր կարող է կատարել:
Հաճախ են հնչել փորձագետների տեսակետներ տարբեր կողմերից, որ դատապարտյալի փոխանցման այս ամբողջ գործընթացը կատարվել է 1983 թվականի դատապարտյալների փոխանցման մասին Ստրասբուրգի կոնվենցիայի համաձայն: Անշուշտ, իրավագիտությունը մեկնաբանություններ են, և միջազգային իրավունքը մշակել է մեկնաբանության որոշակի ձևեր, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերին: Մասնավորապես 1969 թվականին կնքված Վիեննայի պայմանգրերի իրավունքի մասին կոնվեցիայի դրույթներն են, որի 31 և 32 հոդվածները հստակ սահմանում են, թե միջազգային պայմանագրերն ինչպես պետք է մեկնաբանվեն: Եվ հենց այս համատեքստում է, որ մենք պետք է դիտարկենք, թե արդյո՞ք ազգային հողի վրա ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն կամ սպանության փորձ կատարած անձին մեկ այլ պետությանը փոխանցելիս, կարող էին ենթադրել որ տվյալ պետությունում սպասվում է հերոսացում և ազատ արձակում, արդյո՞ք այս փոխանցումը ողջամիտ էր: Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիայի գլխավոր կանոնի համաձայն պայմանագիրը մեկնաբանելիս պետք է հիմք ընդունել պայմանագրի բովանդակությունը /կոնտեքստը/ , առարկան և նպատակը: Ցանկացած կանոնի մեկնաբանման ժամանակ նշված երեք բաղադրիչները միաժամանակ հաշվի պետք է առնվեն: Սակայն որպես հիմնական կանոն սահմանված է նաև, որ պայմանագիրը պետք է մեկնաբանվի բարի նպատակներով (in good faith): Այս կանոնի համաձայն, եթե անգամ պայմանագրի դրույթները պարզ են, սակայն դրանց կիրառումը կարող է հանգեցնել այնպիսի արդյունքի, որն ակնհայտորեն աբսուրդային է և ոչ ողջամիտ, ապա կողմերը պետք է հիմք ընդունեն վերը նշված մեկնաբանությունը: Սույն գործի պարագայում, երբ մեկնաբանվում է կոնվենցիայի 12-րդ հոդվածը, համաձայն որի կողմերը իրավունք ունեն ներում, համաներում շնորհելիս առաջնորդվել իրենց ներպետական օրենսդրությամբ, այս նորմի կոնտեքստից դուրս տառացի մեկնաբանման պարագայում կարող ենք ասել, որ այդ իրավունքն ունեին և առաջնորդվել են դրանով, սակայն պետք է հստակ պատկերացնել, թե ո՞րն է այս կոնվենցիայի բուն նպատակը և, ընդհանրապես, ինչու՞ է այն ընդունվել 1983 թվականին : Այս կոնվենցիայի բուն նպատակն է պատիժ կրող անձին իր երկրոււմ պատժի հետագա կրումը շարունակելը: Փոխանցման գլխավոր նախապայմաններից մեկը տվյալ անձի այդ երկրի քաղաքացին լինելն է: Կան նաև հումաիստական այլ տարեր, մասնավորապես, որ այդ անձին իր երկրում չի սպառնում ավելի ծանր պատիժ, քան այն ինչ նշանակված էր: Այս պայմանագրի կիրառման պարագայում մենք ինչ ենք ստացել: Մենք այս նպատակները չենք ստացել: Մինչդեռ այս պայմանագրի կիրառման արդյունքում մարդասպանն ազատ է արձակվել: Եվ եթե ընդունում ենք բարի նպատակներով (in good faith) պայմանագրի դրույթները մեկնաբանելու սկզբունքը, ապա ստացվում է, որ այն խախտվել է: Երկրորդ գլխավոր սկզբունքն այն է, որ որևէ պայմանագիր մեկնաբանելիս չի կարելի խախտել միջազգային իրավունքի այլ վերաբերելի նորմեր, որոնք կիրառելի են կողմերի միջև հարաբերություններում: Այս պարագայում միանշանակորեն կարելի է ասել, որ խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով սահմանված մարդու կյանքի իրավունքը: Եվրոպական դատարանի ընդարձակ մեկնաբանությունները վկայում են, որ կյանքի իրավունքի պաշտպանությունը ենթադրում է նաև համարժեք պատասխանատվություն և դրա լիարժեք կիրառություն: Այս պարագայում ևս դա չի կատարվել: Եվրոպական դատարանը հստակ սահմանել է, որ այս պարագայում ներում կիրառելով խախտվել է կոնվենցիայի երկրորդ հոդվածը:
Արդյո՞ք Ադրբեջանը իրավունք ուներ ներում շնորհել: Այս հարցին ևս հստակ պատասխանել է կոնվենցիան: Կան երկրներ, որոնք իրենց ներպետական օրենսդրությամբ ունեն կոնվերսիայի իրավունք, այսինքն մեկ այլ երկրի դատարանի արձակած դատավճիռը իրենց երկրի ներպետական օրենսդրությանը համապատասխանեցնելու կամ դրա վերաբերյալ նոր դատավճիռ կայացնելու իրավունք, նման դեպքում կարող էին դա իրականացնել: Սակայն, Ադրբեջանի արդարադատության փոխնախարարը հստակ ասել է, որ իրենց երկրի օրենսդրությամբ կոնվերսիա նախատեսված չէ, այդ դեպքում կոնվեննցիայի ողջ նպատակը հետագա պատժի կրումն է, այսինքն փոխանցելով Սաֆարովին , նրա վրա կախված էր Հունագարիայի դատարանի դատավճիռը, ըստ որի 30 տարի հետո միայն նրան կարող էին ներում շնորհել:
Իսկ Հայաստանի Հանրապետության և տուժողի իրավունքները ինչ ընթացակարգով է հնարավոր պաշտպանել հետագայում: Կա երկու ընթացակարգ
1.Միջպետական գանգատ, երբ մի պետությունը գանգատ է ներկայացնում Եվրոպական դատարանին մեկ այլ պետության դեմ, այս պարագայում համաձայն կոնվենցիայի 33 հոդվածի կոնվենցիայի անդամ մեկ երկիրը մյուսի դեմ գանգատ ներկայացնելու համար պետք է սպառած լինի ներպետական բոլոր ընթացակարգերը: Հիմա ուսումնասիրվում է, թե արդյո՞ք Հունգարիայի օրենսդրությամբ՝ դատապարտյալի փոխանցման մասին վարչական ակտը ենթակա է բողոքարկման, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք սպառել նշված ընթացակարգը: Ադրբեջանի դեպքում սրա անհրաժեշտությունը չի լինի, որովհետև մենք կարող ենք հիմնավորել դրա անհնարինությունը:
Հաջորդ ընթացակարգը անհատական գանգատն է , որը կարող են իրականացնել տուժողի իրավահաջորդները: Այս դեպքում ևս անհրաժեշտ է անցնել ներպետական բոլոր ընթացակարգերը: Այս հարցերը քննարկվում են նաև այն փաստաբանների հետ, ովքեր երկար տարիներ աշխատել են եվրոպական դատարանի հետ:
Վստահեցնում եմ ձեզ, որ հետագա քայլերի և ընտրված ռազմավարությամ մասին կտեղեկացվի հանրությանը: Այս հարցում հետևողական ենք լինելու, ձեռնարկվող քայլերն էլ լինելու են կշռադատված: