ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին

19/12/2012

   ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

   Նախարար Հրայր Թովմասյանը՝ բարձր գնահատելով տիկին Ս. Զեհեի կատարած ներդրումը հատկապես դատաիրավական ոլորտին առնչվող հարցերի շուրջ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը զարգացնելու գործում,  շնորհակալություն հայտնեց հյուրին  արդյունավետ աշխատանքի և աջակցության համար:

   ՀՀ արդարադատության նախարարը միևնույն ժամանակ շեշտեց, որ Հայաստանում այլևս գերիշխող է այն մտածողությունը, որ երկրում առկա խնդիրների լուծումը և իրականացվող բարեփոխումներն առաջին հերթին Հայաստանին և հայ ժողովրդին են պետք, ուստի շահագրգռված լինելով այդ հարցերի կարգավորմամբ մենք էլ պետք է դրանք լուծենք: «Երկրում առկա խնդիրները մեզանից լավ ոչ ոք չգիտե, շնորհակալ ենք իհարկե  եվրոպացի գործընկերներին աջակցության համար, սակայն այդ խնդիրները  մեր փոխարեն  մեկ ուրիշը  չի լուծելու»,- ասաց Հրայր Թովմասյանը:  

   Տիկին Սիլվիա Զեհեն էլ շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար նշեց նաև, որ Հայաստանում իրականացրած առաքելության տարիներին բավականին բան է սովորել հայ մասնագետներից  ուստի և ափսոսանքով է հեռանում երկրից:

   Կողմերը հույս հայտնեցին, որ  ապագայում ևս կշարունակվեն ձևավորված համագործակցության լավ ավանդույթները:

   Հանդիպման ավարտին նախարար Հրայր Թովմասյանը և տիկին Սիլվիա Զեհեն միմյանց շնորհավորեցին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: