ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն ընդունել է ԽԿԿ-ի պատվիրակությանը

10/04/2013

 ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  Հրայր Թովմասյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը:  Կոմիտեն Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոնվենցիայի վերահսկիչ մարմինն է:

 Սույն թվականի  ապրիլի 4-ից 10-ը Հայաստան կատարած պատվիրակության այցի նպատակն է Կոմիտեի զեկույցից բխող առաջարկությունների և նախկին այցերի արդյունքում տրված խորհրդատվությունների կատարման ընթացքին ու առաջընթացին գնահատական տալը: Պատվիրակության ղեկավար Ժան Պիեռ Ռեստելլիի խնդրանքով նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Թովմասյանը ներկայացրեց Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: Հրայր Թովմասյանը հյուրերին տեղեկացրեց նաև, որ այս տարեվերջին շահագործման է հանձնվելու  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի՝ ժամանակակից պահանջներին բավարարող  մասնաշենքը: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի փոխանցմամբ 1600 անձի համար նախատեսված քրեակատարողական հիմնարկն ամբողջությամբ կառուցելուց և շահագործման հանձնելուց հետո էականորեն կլուծվեն համակարգում առկա խնդիրները: Հրայր Թովմասյանը հյուրերի ներկայացրեց նաև օրենսդրական այն փոփոխություններն ու հեռանկարային ծրագրերը, որոնք ևս նպաստելու են համակարգի բարելավմանը:

 Նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն անկեղծորեն թվարկեց քրեակատարողական հիմնարկներում առկա բոլոր խնդիրները՝ ոչ բարվոք պայմաններ, գերբեռնվածություն: «Ու թեև որոշակի աշխատանքներ կատարվել են, այդուամենայնիվ, դա քիչ է և ոչ բավարար»-ասաց Հրայր Թովմասյանը:

 Պատվիրակության ղեկավար   Ժան Պիեռ Ռեստելլին շնորհակալություն  հայտնելով ամփոփ տեղեկատվություն տրամադրելու համար, փոխանցեց, որ այս անգամ իրենց այցի առաջնահերթ նպատակն էր, ոչ այնքան բանտային պայմաններն ընդհանուր առմամբ ուսումնասիրելը, որքան կալանավորների պահման պայմաններին ծանոթանալը: