Դեպի վեր

Հրայր Թովմասյան. Մենք մեկ անգամ ևս սխալվելու ժամանակ չունենք

15/05/2013

 «Գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անշուշտ ցույց է տվել իր կենսունակությունը: Այն մեկ քառորդ դարի պատմություն ունի և, ըստ էության, այդ ժամանակահատվածում ապահովել է շուկայական տնտեսության պայմաններում վեճերի լուծման հնարավորությունը, սակայն այդ ժամանակահատվածում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն»,- այսօր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 Նախագիծը ԱԺ կներկայացվի աշնանը: Վերջինիս ընդունումը թույլ կտա քաղաքացիական գործերն արագ քննել, ինչպես նաև կնպաստի նիստերն անհարկի չհետաձգելուն:

 «Մի շարք դեպքերում գործող Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը կարող է ամբողջովին արդյունավետ չլինել խնդիրների լուծման համար: Բացի այդ՝ մի շարք նորմեր ամբողջությամբ չեն կիրառվել, խոսքը դատական ծանուցումների, արագացված դատաքննությունների, դատական ծախսերի մասին է, որոնց տրված կարգավորումները արդյունավետ չեն ծառայել, դատական պաշտպանություն իրականացման համար, անգամ որոշ դեպքերում պարարտ հող են հանդիսացել իրավունքների չարաշահման համար»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ առանց այդ խնդրի լուծման անիմաստ է խոսել արդյունավետ դատական պաշտպանության մասին:

 Նախարարն ընդգծեց, որ դատաիրավական բարեփոխումների ծրագիրը որոշ մասով կանխատեսվել է: «Այդուհանդերձ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդյունավետ դատական պաշտպանության ամրագրումը և դատական ծանուցումների ինստիտուտը, որը գլխացավանք է թերևս ոչ միայն Հայաստանի համար: Կապի միջոցների զարգացմանը զուգընթաց պետք է արդյունավետ լուծումներ գտնել և հրաժարվել դասական, թղթային եղանակով ծանուցումներից, որը, անկախ ամեն ինչից, բերում է դատական պրոցեսների ձգձգման»,- ասաց նա:

 «Մենք մեկ անգամ ևս սխալվելու և մեր սխալների վրա սովորելու ժամանակ չունենք»,- ընդգծեց Արդարադատության նախարարը՝ հավելելով, որ, եթե «մենք դատական իշխանություններում հաջողության չհասնենք, ապա առաջիկա 5 տարիների ընթացքում որևէ ոլորտում հաջողություն չենք կարող գրանցել»:

 Ըստ Հրայր Թովմասյանի` հասարակության գիտակցության մեջ փոփոխության անհրաժեշտություն կա: Դատական իշխանության վերափոխմանը զուգահեռ հասարակությունը պետք է հասկանա, որ, եթե վեճ ունի, պետք է գնա դատարան և այնտեղ լուծի այդ վեճը:

 Փոփոխություններ կլինեն նաև իրավաբանական կրթության համակարգում, քանի որ, ինչպես նախարարն ընդգծեց, վաղվա դատավորը, դատախազը, նոտարն այսօրվա իրավաբանական ֆակուլտետի ուսանողներն են: 2014թ. հունվարի 1-ից կգործի Արդարադատության ակադեմիա, որը կիրականացնի դատավորների, դատախազների վերապատրաստման և նրանց ուսուցման պրոցեսը:

Հեղինակ: «Փաստինֆո»

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն